Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
«2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա: Իգական սեռի երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով», - իր հաղորդագրությունում հիշեցնում է Քննչական կոմիտեն:
Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, ով, ըստ Քննչական կոմիտեի, Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981 թվականին:
«Նախնական քննության տվյալներով` կինը ծննդաբերել է 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 04:00-05:00 սահմաններում, տնային պայմաններում, ինչից հետո էլ երեխային թողել է Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող այգում», - փոխանցում է Քննչական կոմիտեն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նորածնի մորն այսօր մեղադրանք է առաջադրվել ՔՕ 128-րդ հոդվածի 2-րդ մասով` «կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում»: Կինը հարցաքննվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՔՕ 128-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: