Մատչելիության հղումներ

«Ելք»-ը կշարունակի հանրահավաքային պայքարը


Ընդդիմադիր «Ելք» դաշինքն այսօր երթ անցկացրեց ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման:

Բողոքի երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Ցուցարարները երթի առջևից հրելով տանում էին հնամաշ, անսարք մի ավտոմեքենա՝ որպես Հայաստանի տնտեսության խորհրդանիշ:

Դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով իրենց հասցեին հնչող քննադատությանը իբր իրենք պայքարում են թանկացումների և ոչ թե թանկացնողների դեմ, քաղաքական հարցեր չեն բարձրացնում, ասաց, որ սա «ամենաքաղաքական հարցերից մեկն է»:

«Ազատության» հարցին, թե արդյոք բարձրացնելու են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես պարտավորություն եմ ստանձնել՝ այն պահին, երբ որ ես այդ պահանջը հնչեցնեմ, դա հանրայնորեն ձևակերպված լինի, ուրեմն դա պետք է տևի յոթ օր: Այսինքն, ես չեմ համաձայնվի ձևակերպել պահանջ, հետո հինգ հետո բացատրել, թե ինչու այդ պահանջը չիրականացավ»:

Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ մարտ-ապրիլ ամիսներին իրենց հավաքները շատ ավելի բազմամարդ լինեն, երբ մարդիկ իրենց գրպանի վրա կզգան թանկացումները, սոցիալական բեռի ավելացումը․ - «Այս պահի դրությամբ այստեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր քաղաքական են: Բայց վաղը, մյուս օրը, մարտին, ապրիլին փողոց են դուրս գալու նրանք, ովքեր անգամ աշխատանք ունեն, ովքեր տեսնելու են, որ ոչ միայն չեն կարողանում իրենց օրհասական խնդիրները լուծել, այլև վարկեր վերցնել չեն կարողանում: Ապրիլին, մայիսին մեզ միանալու են նաև գյուղացիները, ովքեր դիզվառելիքի այդ գներով չեն կարողանալու հողը մշակել»:

Դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը իր ելույթում հավաքվածներին բացատրեց, թե ակցիզային դրույքաչափերի բարձրացման պատճառով ինչպիսի թանկացումներ են տեղի ունեցել, որոնք կարող են շղթայական ազդեցություն ունենալ:

Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ սա «Ելք» դաշինքի երբևէ անցկացրած ամենաբազմամարդ երթն էր: Պատգամավորը չհստակեցրեց, թե արդյոք մասնակցելու են իշխանությունների նախաձեռնած խորհրդարանական լսումներին:

Բողոքի հաջորդ երթը «Ելք»-ն անցկացնելու է փետրվարի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG