«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով Սեուլում անցկացվող խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձևաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի և տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետևողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն», - ասել է Բաբլոյանը՝ շարունակելով. - «Համանախագահների առաջարկը նաև նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով»:
«Ադրբեջանը հետևողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, և միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի», - շեշտել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:
«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը», - հայտարարել է Արա Բաբլոյանը: