Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանյուել Մակրոնի նախընտրական շտաբը «զանգվածային և համակարգված հաքերային հարձակման թիրախ» է դարձել, ինչի հետևանքով մայիսի 5-ին՝ ուշ երեկոյան, հրապարակվել են շտաբի ներքին աշխատանքներին վերաբերող մեծ թվով փաստաթղթեր։
Մակրոնի En Marche! (Շարժման մեջ) կուսակցությունը տեղի ունեցածը գնահատել է որպես «ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձ, որը նման է Միացյալ Նահանգների նախագահական քարոզարշավում տեղի ունեցածին»։
Մակրոնի շտաբը հայտարարել է, որ գողացված փաստաթղթերը հրապարակած անձինք դրանց մեջ ավելացրել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր՝ «կասկածներ սերմանելու և ապատեղեկատվություն տարածելու նպատակով»։ Մակրոնի շտաբի գնահատմամբ, փաստաթղթերի արտահոսքը նպատակ ունի մեծացնել իրենց հակառակորդի՝ աջ-ծայրահեղական ազգայնական թեկնածու Մարին Լը Պենի շանսերը առաջիկա կիրակի օրը անցկացվելիք ընտրություններում։