Քաղաքի ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը, ով նախկին քաղաքապետի եղբորորդին է, «Ազատութան» հետ զրույցում ցույց տալով դեմքի կապտուկները՝ պատմեց, որ ընտրություններից մեկ օր առաջ իրեն ու քաղաքապետի թեկնածուին ծեծի են ենթարկել ընտրություններում նախնական արդյունքներով հաղթած Կարեն Գրիգորյանը, եղբոր ու թիմակիցների հետ․ - «Մենք խանգարող հանգամանք էին դառել էս ընտրությունների մեջ»:
Դեռ ընտրություններից մեկ օր առաջ, երկու թեկնածուների՝ Կարեն Գրիգորյանի ու Արթուր Թումանյանի մասնակցությամբ արյունալի միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ:
Կապտուկներով, գլխուղեղի ցնցմամբ ու սալջարդերով այս պահին հիվանդանոցում գտնվող Արթուր Թումանյանն «Ազատությանը» պատմել էր, թե ինքն ու նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, զանգ էին ստացել, որ իրենց թիմակիցն առևանգել ու ծեծի են ենթարկում: Ընկերոջը՝ ավագանու անդամի թեկնածուին փնտրելու նպատակով իրենք դուրս են եկել ու գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդիներն իրենց թիմակիցներով մեքենաներով հետապնդել, այնուհետև ծեծի են ենթարկել իրեն և Ստեփան Աբգարյանին:
Ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ո՞վ ու ինչպե՞ս էին իրեն կեսգիշերին տարել անհայտ ուղղությամբ․ - «Դեպքը տեղի է ունեցել ամսի 16-ին: Գիշերը գազալցակայանից դուրս եմ եկել, ճանապարհին ինձ առևանգել են, ծեծի են ենթարկել և սպառնալիքների ազդեցության տակ ինձ տեղափոխել են ուրիշ վայր: Սպառնում էին, որ ինչու եմ դրել ավագանու թեկնածու, ինչու եմ դուրս եկել իրենց դեմ: Ես պատասխանել եմ, որ նրանց դեմ դուրս չեմ եկել, դա բոլորի իրավունքն ա: Ինձանից ինֆորմացիա էին ուզում, ու քանի որ ես ինֆորմացիա չունեի նրանց փոխանցեի, այդ պատճառով ինձ ծեծի էին ենթարկում»:
Հարցին, թե ովքեր էին իրեն առևանգողները, Բաժակյանը պատասխանեց․ - «Ըստ ինձ, առևանգողները Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներն էին»:
Հերքելով իր հասեցին ուղղված բոլոր մեղադրանքները՝ Կարեն Գրիգորյանն ասաց, թե իրեն ընտրել է ժողովուրդը: Իսկ «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է պնդում, որ իրեն մեղադրողները ստում են, պատասխանեց․ - «Երևի որովհետև չեմ թողում իրանք թալանեն, վախտին թալանածը չեմ հանել-դրել, որ իրանք դատվեն: Մի 15-20 հատ մանկապարտեզից 8 հատ էր թողել, նորմալ ա․․․ Քիչ ուտեին, նորմալ կլիներ: Իրանց ախորժակից բացի, ամեն ինչ կորցրել են»:
Ըստ նախնական տվյալների հաղթած թեկնածուի մրցակիցները «Ազատության» հետ զրույցում ասացին, թե պարտվել են, որովհետև իրենց թիմի ակտիվ անդամներից երկուսին ծեծել էին, մյուսին՝ առևանգել: Պնդեցին նաև, թե ընտրատեղամասերից միայն 4-ում են վստահված անձ ունեցել, վերահսկել չեն կարողացել:
Նախնական տվյալներով, շուրջ 44.5 հազար ընտրողից մոտ 16 հազարը քվեարկությանը չի մասնակցել․ Կարեն Գրիգորյանը ստացել է 10 587 քվե, Արթուր Թումանյանը՝ 3 651:
«Ազատության» հետ զրույցներում էջմիածինցիները ճնշող մեծամասնությունն ասաց, թե ընտրել է գերենալ Մանվել Գրիգորյանի որդուն: Պարտված թեկնածուի թիմակիցները, մինչդեռ, պնդում են, թե մարդիկ պարզապես վախենում են խոսել: