Մատչելիության հղումներ

Կարո Եղնուկյանը դատի է տվել գլխավոր դատախազին


Շուրջ երկու ամիս ճաղերի հետևում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան .Տիգրան Հայրապետյանը դատի է տվել գլխավոր դատախազին՝ մեղադրելով դատախազությանն անգործության մեջ:

Այսօրվա դռնբաց նիստին ներկա էր նաև ինքը՝ Կարո Եղնուկյանը, ում մարդաշատ դահլիճը դիմավորեց ծափերով ու «Կարո» վանկարկումներով։

Եղնուկյանի փաստաբանը դատարանում հայտարարեց, որ դատախազությունը 59 օրվա ընթացքում ուշադրության չի արժանացրել իրենց շուրջ 25 միջնորդությունները։ Նա դատարանից պահանջեց պարտավորեցնել երկու դատախազներին ու գլխավոր դատախազին՝ կատարել իրենց պարտականություններն ու պատշաճ պատասխանել իրենց բոլոր միջնորդություններին:

Դատավորն ասաց, որ դատախազների որոշումները վերացնելու լիազորություն դատարանը չունի, բայց քննության կառնի նրանց պարտավորեցնելու միջնորդությունը:

Հուլիսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը սատարելու մեջ մեղադրվող Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Իրավապահները, հիմք ընդունելով Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները, պնդել են, թե նա կեղծ տեղեկություններ է տարածել, իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում կամ, որ իրավապահների փոխանցած սննդից «ծռեր»-ը թունավորվել են, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց, ձգտել է ռադիոկապով ապահովել զինված խմբի անդամներին:

Փաստաբանը դատարանում հայտարարեց, որ եթե անգամ Եղնուկյանն իրեն վերագրված 4 գործողությունները կատարած լիներ՝ միևնույնն է, դա քրեորեն պատժելի արարք չի համարվում: Եղնուկյանին առաջադրված միանգամից երկու հոդվածներն էլ Հայրապետյանը համարեց շինծու:

«Չկա որևէ նյութ, որ կհաստատեր այս չորս գործողություններից թեկուզ մեկը։ Այդ չորս արարքներից երեքը վերաբերում են անձի հիմնարար իրավունքներին և ազատություններին, դա է՝ տեղեկատվության հրապարակումը, խոսքի ազատությունը, ինֆորմացիայի հրապարակումը, հավաքների կազմակերպումը, անձանց մի տեղից տանել մյուս տեղը, և այս իրավունքներն ու ազատությունները երաշխավորվում են՝ թե մեր Սահմանադրությամբ, թե միջազգային պայմանագրերով, թե մեր օրենսդրությամբ», - հայտարարեց փաստաբանը։

Հայրապետյանը դատարանին հիշեցրեց, եթե «Սասնա ծռեր»-ի անդամներին պատանդառության մեղադրանք է առաջադրվել միայն բժիշկների մասով, բայց ոչ ոստիկանների, ապա ինչպե՞ս է Եղնուկյանը մեղադրվում ոստիկաններին պատանդ պահելուն աջակցելու մեջ։

«Հանրապետության գլխավոր դատախազը բաց տեքստով հայտարարել է, որ, եթե զենքերը վայր են դրվում, չկա և չի կարող լինել քրեական հետապնդում։ Դրանից մի քանի օր հետո զենքերը վայր դրվեցին և այդպես էլ եղավ, 21 հոգուց որևէ մեկին չմեղադրեցին 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), իսկ ոստիկան պատանդների հետ կապված որևէ մեկին չեն մեղադրել 218 հոդվածով (պատանդ վերցնելը) և Եղնուկյանն այս իրավիճակում մեղադրվո՞ւմ է», - հայտարարեց փաստաբանը։

Գլխավոր դատախազի ներկայացուցիչ, դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Եղնուկյանի փաստաբանի ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ:

«Քննչական և դատավարական նորմերի յուրովի և անհատական մեկնաբանության արդյունքն են, ինչու՞ չէ, նաև տեղ-տեղ իրականության խեղաթյուրում: Հնարավոր է, որ պաշտպանը միջնորդությունների քանակության ու առարկության դաշտում թվերն ուղղակի խառնել է իրար», - ասաց Պետրոսյանը։

Կարո Եղնուկյանն էլ դատարանից արդարություն պահանջեց։ «Դատախազությունը և քննչական մարմինները գնդակն օդում գցում իրար և ես, մեջտեղը կանգնած, վազվզում եմ էս կողմից էն կողմ։ Նպատակը նա է, որ ինձ փոխվերցնեն. դատարանն ինձ հետ միասին դարձել է այդ մեջտեղի խաղացողը, և դատախազությունը, քննիչի հետ միասին, գնդակը գցում է էս կողմից էն կողմ, և ես և դուք էդ խաղի մեջ դառել են չլոցի։ Ես կուզենամ, որ դատարանը սա տեսնի ու հասկանա», - ասաց Եղնուկյանը։

Նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 27-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG