Մատչելիության հղումներ

Կտրուկ թանկացել են Ռուսաստանից Հայաստան ինքնաթիռի տոմսերը


Ամեն տարի Արփի Եղիազարյանն ավտոբուսով գնում է Մոսկվա՝ ծնողներին տեսակցելու՝ վճարելով ընդամենը 25 հազար դրամ: Այս անգամ աղջիկը ստիպված է հետաձգել այցը։ Նա լսել է, որ Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը փակվել է:

Արփին որոշել էր ինքնաթիռով մեկնել, բայց ավիափոխադրող ընկերությունների գրասենյակներից տեղեկացել է, որ Լարսի անցակետի փակման պատճառով ինքնաթիռի տոմսի գները մի քանի անգամ բարձրացել են: Միջինը 120 հազար դրամով Մոսկվա հասնելու մտքից Արփինեն հրաժարվել է ու սպասում է ճանապարհի վերաբացմանը:

Նրա խոսքով, որպես սպառող, խախտվել է իր իրավունքը։ «25 հազար դրամ եթե տալիս էի մինչև Լարսի դեպքը, ես կարող էի երեք անգամ թանկ տալ՝ 75-80 հազարով ինքնաթիռով գնալ, բայց հիմա ես պետք է հինգ անգամ ավել տամ։ Ծնողներիս հետ նախընտրել ենք սպասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արփի Եղիազարյանը։

Ռոստովում բնակվող Ռուզան Հարությունյանը նույնպես հրաժարվել է այս օրերին մորը Հայաստան ճանապարհելու մտքից: Տասն օր է, ինչ Ռուզանն ուսումնասիրում է Ռուսաստանից Հայաստան չվերթների գներն ու տարակուսած է՝ որոշ ուղղություններով այդ գները ոչ թե կրկնակի, այլ եռակի ու քառակի են բարձրացել:

«Եթե անցած տարվա գների հետ համեմատենք, ես ինքս մեկնել եմ 3 հազար 500-ով, վերադարձել եմ 4 հազար 500-ով, հիմա թվերը երեք-չորս անգամ հաշվեք ավելի բարձր են։ Հենց այսօր նայել եմ թռիչք, որն արժե մոտավորապես 20-25 հազար ռուբլի», - ասաց Ռուզան Հարությունյանը։

Տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, ցույց տվեց դեպի Ռուսաստան չվերթների՝ այս օրերի գներն ու ասաց, որ գների բարձրացման պատճառը Լարսի փակ անցակետն է: Նա ընդգծեց, որ քիչ չեն նաև դժգոհող հաճախորդները։

«Դժգոհություններ իհարկե կան, թանկ է։ Իրենք նախկինում կարող էին ավտոբուսով գնալ ընդամենը 25 հազարով, իսկ հիմա ինքնաթիռով տոմսերի գինը տատանվում է 70-ից մինչև 120 հազար։ Ինձ թվում է պատճառը Լարսի խնդիրն էր», - ասաց ընկերության աշխատակիցը։

Հայաստանյան առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի հիմնադիր Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ նման խնդիրներ չէին առաջանա, եթե ոլորտում ազգային փոխադրող լիներ:

Տարիների իր փորձից է ասում՝ մրցակցություն չունենալու դեպքում փոխադրող ընկերություններն իրենց ցանկությամբ են որոշում տոմսի գինը, այս դեպքում, հավելեց, Հայաստանն առաջարկելու որևէ տարբերակ չունի։

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ անցած շաբաթ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) պահանջել պարզել, թե ինչ հիմնավորմամբ են դեպի Ռուսաստան չվերթների գները աճել:

Պատգամավորը պնդեց՝ սա մենաշնորհային դիրք ունեցող ռուսական ընկերությունների ներքին պայմանավորվածության արդյունք է: Մարուքյանը նաև հավելեց, որ հանձնաժողովը պետք է պարզի պատճառն ու վարույթ հարուցի:

«Ո՛չ ավիավառելիքն է թանկացել, ո՛չ հարկերն են ավելացել ավիատոմսերի վրա, որևէ բան չի փոխվել՝ թանկանալու առումով, բացի այն, որ ուղղակի Հայաստանի միակ ցամաքային ճանապարհը փակվել է։ Հիմա ի՞նչ, դա նշանակում է, որ ավիաընկերությունները պետք է պայմանավորվեն և այդ բեռը՝ գերշահույթ ստանալու, դնեն Հայաստանի քաղաքացու վրա՞, կամ Հայաստան եկող տուրիստների, կամ սփյուռքահայերի վրա՞», - ասաց Մարուքյանը։

Հանձնաժողովից «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենք մինչև պատգամավորի դիմելն էլ զբաղվում էին խնդրով, պարզապես քանի որ Հայաստանից Ռուսաստան չվերթ իրականացնող յոթ ընկերությունները ռուսական են, իրենք դիմել են Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանն ու ԵՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն կատարելու նպատակով:

Հանձնաժողովից պնդում են՝ հետևողական են լինելու խնդրի ամբողջական և խորը ուսումնասիրման հարցում՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման երևույթները ավիափոխադրողների վարքագծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG