Մատչելիության հղումներ

Զինծառայողի հայրը փորձում է գումար հայթայթել որդու բուժման համար


Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգիյանի հայրը պնդում է՝ պետությունն այդպես էլ չհոգաց Գերմանիայում որդու բուժման ծախսերը:

Ողնուղեղային ծանր վիրավորում ստացած զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը, «Ազատությանն» ասաց՝ որդուն Գերմանիա տեղափոխելու և բուժման մի մասի համար անհրաժեշտ 39 հազար եվրոն հավաքվել է հիմնականում անհատների ու նաև որոշ պաշտոնյաների աջակցությամբ: Մտահոգված է՝ որդու բուժումը կիսատ կմնա, եթե չվճարի երկրորդ փուլի համար անհրաժեշտ 60 հազար եվրոն:

«Լավ՝ պետությունը իրա զինվորին չունի՞ ոչ մի բան անելու», - հարցնում է Միքայել Լազգիյանը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմիցս հայտարարել է՝ կառավարությունն իր վրա կվերցնի վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման ծախսերն այն դեպքում, եթե համապատասխան բժշկական եզրակացություն լինի, որ այդ բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Ազգային ժողովը դեռ անցած տարի էր առաջին ընթերցմամբ ընդունել արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը, որի հեղինակն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:

«Ազատության» հետ զրույցում Մարուքյանը, արձագանքելով զինծառայողի հոր խոսքերին, որ բուժման առաջին փուլի գումարը հիմնականում նաև պաշտոնյաներն են իրենց գրպանից փոխանցել, ասաց՝ լավությունը լավ բան է, բայց դրա կարիքը չի լինի, եթե օրենքը գործի: Պնդեց՝ Արման Լազգիյանի դեպքում օրենքը կարող էր կիրառվել․ - «Իմ պահանջը վարչապետից դա է, որ՝ եկեք էս նորմը կիրառենք և էս մարդկանց տեղափոխենք արտասահման: Էս օրենքը ինչի՞ ենք ընդունել՝ որ որևէ մեկը որևէ մեկին լավություն չանի: Այո, լավություն անելը լավ բան է, բայց էն իրավիճակներում, երբ որ պետության դերը պետք է ֆիքսել, երբ որ պետության պոզիտիվ պարտավորությունը պետք է ֆիքսել, ցանկացած լավություն ավելի ցածր մակարդակի է իջեցնում պետության դերը»:

Շուրջ 15 օր է ինչ Արման Լազգիյանը բուժվում է գերմանական կլինիկաներից մեկում: Հոր խոսքով՝ դրական տեղաշարժն ակնհայտ է․ այլևս շշուկով չի խոսում՝ ձայնը վերականգնվում է, սնվում է առանց կոկորդին ամրացված խողովակի, կարողանում է մոտ 15 րոպե նստած մնալ: Պաշտոնական այն հայտարարություններին, թե նույն բուժումը նաև այստեղ է կազմակերպվում՝ հայրը հակադարձեց` սեփական փորձով համոզվեցի, որ տարբերությունը որակյալ դեղերը, գերժամանակակից տեխնոլոգիաներն ու հիվանդանոցներին հատկացվող պետական ֆինանսավորումն է: Ասում է՝ գերմանացիներն էլ են խոստովանել, որ հայ բժիշկները «անթերի» վիրահատություններ են արել, սակայն հավելում է․ - «Արդյունքում, դու ունես ընտիր մասնագետներ, որոնք բացառիկ ունակությունների տեր են, իսկ նրանք [գերմանացիները] ունեն տեխնիկան, տեխնոլոգիան և էդ որակյալ դեղերը: Խի՞ մենք չունենք»:

Արմանի հայրն այս օրերին Երևանում է բուժման երկրորդ փուլի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար: Չնայած պաշտոնական հայտարարություններին, թե Լազգիյանի բուժումն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ չեն դիմել առողջապահության նախարարությանը պետպատվերի գումարից օգտվելու համար, իսկ բուժման ու վիրահատությունների համար ծախսվել է 5 միլիոն 320 հազար դրամ: Իսկ, թե որքա՞ն էր պետության կողմից առանձնացված պետպատվերի գումարը՝ նախարարությունից կոնկրետ պատասխան չստացանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG