Մատչելիության հղումներ

Հայաստանում ընտանեկան բռնության զոհերը հիմնականում 20-40 տարեկան գյուղաբնակ կանայք են


Փորձագետի տվյալներով, կնասպանության գործերում գերակշռել են դանակահարության, վիզ կտրելու, բութ առարկայով հարվածելու և խեղդամահ անելու դեպքերը:

38-ամյա Քրիստինեի համար ամուսնության չորս տարիներն իսկական մղձավանջի են վերածվել: Ամուսնու բռունցքներից փրկվելու համար երկամյա որդու հետ փախուստի դիմած կինն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ գլխին պարբերականորեն ստացած ծանր հարվածներից հետո ամեն օր տանջվում է սաստիկ գլխացավերից, մանկահասակ որդին էլ նյարդային ցնցումներ է ունենում: Պատճառն, ըստ բռնության ենթարկված կնոջ, ամուսնու կողմից ալկոհոլի չարաշահումն է: «Որ ասեմ շատ վատ մարդ ա, չէ, բայց որ խմում ա․․․ էն օրն էրեխուն խեղդում էր, ծեծելով տվել ա, քիթ-բերանս արնոտել ա․․․»,- վերհիշում է Քրիստինեն:

Սիրով ամուսնացած կինն այսօր սարսափում է ամուսնուց, առողջական լուրջ խնդիրներ ունի, բժիշկն ասել է, թե կրծքի շրջանում թարախային պարկեր են գոյացել: Պատմեց, որ ոստիկանություն էլ է քանիցս ահազանգել, այդ կերպ զսպել է ամուսնուսն, որ գոնե մի քանի օրով դադարեցնի ծեծուջարդը: Երբեմն նաև բութ գործիքներով մարմնի տարբեր մասերին հարվածներ ստացած կինն իրեն ու երեխային պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցներին արդեն դիմել է, բայց՝ ապարդյուն: Ասում է՝ ոստիկանություն կատարած զանգերից հետո ամուսինը դադարեցրել է ծեծուջարդը, բայց դա երկար չի տևել: Ծնողների մշտական վիճաբանության ականատես փոքրիկն էլ, մոր խոսքով, նյարդային ցնցումներ է ունենում, ոտքերի խնդիր ունի, միայն մերսումներից հետո է կարողանում կանգնել ոտքի վրա:

Քրիստինեն այսօր ապրում է Մուսալեռ գյուղի բնակիչների օգնությամբ: Գյուղապետի աջակցությամբ արդեն մեկ ամիս է, ինչ 22.000 դրամ թոշակ է ստանում՝ որպես միայնակ մայր: Հարազատների օգնությամբ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կիսակառույց տներից մեկում է վարձով բնակություն հաստատել: «Ազատության» հետ զրույցում բռնության ենթարկված կինն ասաց՝ չի աշխատում, ֆինանսական սուղ պայմանների պատճառով շուրջ 1.5 տարի չի կարողացել վճարել ամսական 15.000 դրամ կազմող վարձն ու արդեն մի քանի օրից պետք է ազատի կացարանը, որտեղ գիշերները վախով է անցկացնում: Պատմեց՝ գրեթե ամեն գիշեր կարիճներ է գտնում երեխայի անկողնում: Կնոջ խոսքով՝ ամուսինը չի դադարում հետապնդել իրենց, մի քանի անգամ կոտրել է վարձով տան դուռը, ներս մտել ու ծեծել: Այժմյան միակ երազանքը «սեփական չորս պատ ունենալն է»:

Վերջին 5 տարիներին Հայաստանում 30 կին է սպանվել ամուսնու, զուգընկերոջ, կամ ընտանիքի անդամների կողմից: Նախօրեին այսպիսի տվյալ է հրապարակել Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերն ուսումնասիրած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: Ըստ ներկայացված զեկույցի՝ սպանվածների շուրջ 63 տոկոսը հիմնականում 20-40 տարեկան գյուղաբնակ կանայք են: Հետաքննություն է սկսվել 16 դեպքով հարուցված քրգործերի շրջանակում: 4 դեպքով կա դատավճիռ: Ընտանեկան բռնության հետևանքով սպանության դեպքեր գրանցվել են, մասնավորապես, Արմավիրի ու Արարատի մարզերում: «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզյանն ասում է՝ սպանությունների մեծ մասը հենց տանն է եղել: «Հիմնականում կնասպանության գործերում մահվան պատճառը եղել է դանակահարությունը կամ վիզը կտրելը, ծեծը բութ առարկայով և խեղդամահ անելը, այսինքն՝ դաժան սպանություններ․․․»,- նշում է Ճիլոզյանը:

Այս տվյալներն, ըստ զեկույցի հեղինակների, թերի են, որովհետև շատ անգամ բռնության հետևանքով մահվան դեպքերը կա՛մ չեն բացահայտվում, կա՛մ ինքնասպանություն են որակվում: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ խնդիրը կլուծվի օրենսդրական բացերը լրացնելու դեպքում միայն: Կոալիցիան 2009-ից ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծ է մշակել, այն երկու անգամ հասել է ԱԺ ու հետ վերադարձել: Ըստ Հովհաննիսյանի՝ պետությունը միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ պարտավորվել է մարզերում կացարաններ հիմնել՝ բռնության ենթարկված կանանց համար:

«Ի վերջո, մենք տեսնում ենք, որ կանանց ընդգրկում են միայն սպասարկման ոլորտում, որտեղ շատ ցածր է աշխատավարձը: Եվ եթե կինը փորձում է խզել հարաբերություններն, ու պատասխանատվությունը երեխայի հանդեպ կնոջ վրա է, դա արդեն մտածելու տեղիք է տալիս, թե ինչով պահել այդ երեխային: Մենք մարդկանց որպես հասարակություն, որպես պետություն չպաշտպանելով՝ դրդում ենք, որ հայտնվեն այն տարածքներում, որտեղ նրանց [կանանց] կյանքին անմիջականորեն վտանգ է սպառնում»,- դիտարկում է անում Զարուհի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG