Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է:
Հայաստանի առողջապահության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ին Լազգիյանին կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:
Նույն օրը ժամը 23-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն, և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն:
Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փոխանցում է առողջապահության նախարարությունը:
Հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել: