Մատչելիության հղումներ

Վիրավորների ծնողները պնդում են, որ իրենց զավակների բուժումը շարունակվի արտերկրում


Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանն ու իր մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:
Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանն ու իր մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Նրանք համաձայն չեն այս օրերին Հայաստանում գտնվող գերմանացի մասնագետների կարծիքին, թե տղաներին արտերկիր տանելու անհրաժեշտություն այս պահին չկա:

Ողնուղեղային վիրավորում ստացած ու արդեն տասն օրից ավելի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց չի բավարարել Ֆրայբուրգի համալսարանական վերականգնողական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մարտին Շվարցի ու վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկենի կարծիքը:

Սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքի մոր խոսքով, գերմանական մեկ այլ՝ Քյոլնի համալսարանական կլինիկայի մասնագետներն իրենց ասել են, որ պատրաստ են ընդունել երիտասարդին ու վերականգնողական բուժումն ապահովել, սակայն անհրաժեշտ գումարն ընտանիքը չունի:

Գերմանացի բժիշկները, հիշեցնենք, Հայաստանում են Առողջապահության նախարարության հրավերով՝ դեռ փետրվարին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Բայց սահմանային բախումներից հետո այցի նպատակը փոխվեց, ու քանի որ արդեն Հայաստանում էին, զննել են վիրավոր զինծառայողներին ու ծանր գնահատել նրանցից 4-ի վիճակը:

Առողջապահության նախարարությունից այսօր փոխանցեցին, որ զինծառայողների արտերկրում բուժման հնարավորությունը, ժամկետներն ու արդյունավետությունը քննարկվել են ոչ միայն գերմանացի, այլև վերականգնողական բուժման հայ առաջատար բժիշկների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել զբաղվել տղաների բուժմամբ:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ չկասկածեք, ամեն ինչ անելու ենք:

Նույն օրը գերմանացի ու ռուս մասնագետները հանդիպել էին նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ:

Ժամկետային զինծառայող ու կրկին վերակենդանացման բաժանմունքում գտնվող՝ ողնաշարի շնչափողի ու կերակրափողի հրազենային վիրավորում ստացած Արման Լազգյանի հայրը՝ Միքայել Լազգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչև այժմ բժիշկները Հայաստանում ամեն ինչ արել են բարձր մակարդակով, բայց հետագա բուժումը միայն արտերկրում է պատկերացնում․ - «Ի՞նչ էր տալիս այդ խորհրդակցությունը․․․ Ես չգիտեմ, միգուցե դա իրենց էր ավելի շատ պետք, քան մեզ: Ո՞նց կարելի է ծանր հիվանդ զինվորի հորը կանչել ու փորձել համոզել, որ, գիտես ինչ կա, մենք ստեղ հետոն էլ ամեն ինչ լավ կանենք․․․ Ինչ արել, արել եք, ընտիր արել եք, բան չունեմ ասելու, վիրահատություններն արտակարգ արել եք, բայց վերականգնողականի հարցում, Աստծու սիրույն, գոնե մի էլ փորձեք համոզել: Տպավորություն է ստեղծվում, որ փորձում են մարդուն հիմարի տեղ դնել»:

Արդեն մի քանի շաբաթ վերակենդանացման բաժանմունքում պառկած Արմանի ու Ռուբենի ծնողները նեղսրտած են պաշտոնական հայտարարությունից, թե կառավարությունն իր վրա է վերցնում վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը: Այդ հայտարարությունը, նրանց պնդմամբ, իրականության հետ կապ չունի: Նրանք նաև համոզված են, որ Հայաստանում երբեք գրավոր չեն հաստատի, որ իրենց որդիներին այստեղ այլևս չեն կարող բուժել:

«Համամիտ եմ մեր կառավարության հետ, որ մենք տենց առանձնապես զինծառայող չունենք, որին ստեղ չենք կարում բուժենք: Կարո՛ւմ ենք բուժենք, բայց հարց նույն էդ պաշտոնյաներին՝ ի՞նչ որակով եք կարում բուժել․․․ Անկեղծ կուզենամ հարցնել՝ դուք որ լինեիք իմ փոխարեն, ձեր երեխային կպահեիք Հայաստանո՞ւմ վերականգնողական փուլը անցնելու, թե՞ ամբողջ հնարավորությունը կօգտագործեիք՝ հանեիք արտերկիր: Հայր եմ և, բնական է, փորձելու եմ որդուս ամենալավագույն իմ հնարավորությունների սահմանում տեղափոխեմ մի կլինիկա, որը որ գոնե իմ հույսերը ավելի շատ կլինի, որ գոնե որդիս, եթե Աստված կամենա, գոնե հիսուն տոկոսով վերականգնվի», - ասաց Միքայել Լազգյանը:

Ողնուղեղային ու ողնաշարային բարդ վիրավորումներով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պառկած Արմանն ու Ռուբենը բժիշկներին արդեն ոտնաձայներով են ճանաչում, օտար մարդու մուտքը փակ աչքերով են զգում: Այսօր պատրաստակամ էին խոսել, բայց կոկորդին ամրացված սարքը խլացրել էր նրանց ձայնը: Հանրության աջակցությանը սպասող վիրավոր զինծառայողները թեպետ շշուկով, բայց ասացին՝ երազում են օր առաջ ոտքի կանգնել, ապագայի մեծ ծրագրեր ունեն:

XS
SM
MD
LG