Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանն այսօր մեղավոր է ճանաչվել ընդամենը անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով:
Տուժողի փաստաբան Ռոբերտ Բեջանյանի համոզմամբ, վնասը հասցվել է ոչ թե անզգուշությամբ, այլ կանխամտածված, համապատասխան պատիժն էլ ոչ թե տուգանքը պետք է լիներ, այլ երկամսյա կալանքը, կամ մինչև 10 տարվա ազատազրկումը․ - «Դատաքննության ընթացքում մենք ապացույցներով հիմնավորեցինք, որ ուսուցչուհին ասել էր՝ կտամ, կմտնես պատի մեջ, ու երկու անգամ հագուստներով լի կախիչը հրել էր երեխայի դեմքի ուղղությամբ: Այն դեպքում, երբ որ այդ երեխան եղել էր կախիչի և պատի արանքում, այսինքն՝ նույնիսկ փախնելու տեղ էլ չէր ունեցել: Այսինքն՝ զրկված է եղել պաշտպանվելու հնարավորությունից: Ի՞նչ է ստացվում․ որ կարելի է երեխայի աչքը հանել և 200 հազարով պրծնել»:
Մեղադրյալի ամուսինը Սևանի ոստիկանության բաժանմունքի նախկին աշխատակից է: Փաստաբանը, պնդելով, թե Սևանի հարակից գյուղերից է նաև մեղադրանքը դատարան ներկայացնող ու գործի նկատմամբ հսկողություն սահմանող դատախազը, ասում է, որ նա մեղադրյալի ամուսնու հետ աշխատել է նույն համայնքում, փաստորեն գործընկերն է:
Տուժողի հայրը՝ Կարեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեխային դպրոց են ուղարկել առողջ, բայց տուն ընդունել հաշմանդամ դարձած: Հավելեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան․ - «Մենք գնալու ենք մինչև Եվրոպական դատարան: Թող մեր բոլոր օրգանի աշխատողները հասկանան, որ դա իրանց համար բիզնես չի, դա օրենք է, որ պետք է կիրառեն ճշտությամբ»:
Դեպքը տեղի էր ունեցել անցած տարի: «Ազատության» հետ զրույցներից մեկում արդեն երկու անգամ վիրահատված Մեսրոպ Խաչատրյանը պատմել էր, թե ինքն ընդամենը մոտեցել էր կախիչին, որպեսզի բաճկոնը հագնի, բայց ուսուցչուհին, բարկանալով, որ թույլտվություն չի վերցրել, ծանր և սուր ծայրերով կախիչը հրել ու գցել է վրան:
Իսկ Հասմիկ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցներից մեկում պատմել էր, թե գրատախտակի մոտ կանգնած աշակերտի հետ խոսելով, հետքայլով մոտեցել է կախիչին և առայսօր չի պատկերացնում՝ ինչպես է կարող էր կախիչն ընկել իր վրա՝ վնասելով նաև երեխային:
Փաստաբանի փոխանցմամբ, մեկ տարի անց ուսուցչուհին դատարանում առհասարակ հրաժարվել է հարցազրույցում ասված խոսքերից ու պնդել՝ կախիչն աշակերտն է գցել վրան:
Բեջանյանի խոսքով, դատարանը մերժել է նաև գործի ելքը որոշող փորձաքննություն նշանակելու իրենց միջնորդությունը: Մինչդեռ այդ փորձաքննությունը պետք է պարզեր, թե ինչպես է կախիչն ընկել աշակերտի վրա:
Աշակերտի հայրը վրդովված ասաց, որ դեպքից մեկ տարի է անցել, սակայն ուսուցչուհին անգամ բանավոր ներողություն չի խնդրել:
Հոր խոսքով, աչքը կորցնելուց հետո տուժել է նաև որդու առաջադիմությունը․ դժվարությամբ է դասերը սովորում, իսկ ուսուցիչները կրկնակի սթրեսի են ենթարկում իրենց ցածր գնահատականներով: