«Վիճակի բոլորի գնահատվում է և՛ ծանր կայուն, և՛ միջին ծանրության, և՛ ունենք մեկ զինծառայող, որի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց կլինիկայի պետ Արամ Ասատուրյանը: - «Պետք է միշտ պատրաստ լինենք և բեռնաթափենք այն հոսպիտալները, որոնք գտնվում են առաջնագծում»:
Ծայրահեղ ծանր է գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 18-ամյա Հայկ Թորոսյանի վիճակը: Հայկի հայրը, ում հետ «Ազատություն»-ը զրուցեց հոսպիտալի բակում, ասաց, որ որդին կոմայի մեջ է․ - «Երեք ամիս է, ինչ գնացել է: Զինկոմը զանգեց, զգուշացրեց․․․ Երեկ տեսել ենք, վիճակը ծանր է»:
Օրվա երկրորդ կեսին զինվորական հոսպիտալ այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հոսպիտալի պետը փոխանցեց․ - «Բոլոր զինծառայողներին տեսավ, բոլորի հետ շփվեց: Մեր վիրավոր զինծառայողների մարտական ոգին շատ բարձր է, բոլորն էլ մեր երկրի նախագահին հայտնել են, որ իրենք պարտադիր պետք է վերադառնան շարք»:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի բակում վաղ առավոտից հավաքված հարազատներից ոմանք արդեն չորրորդ օրն է, որ տեղեկություն չունեն իրենց երեխաների մասին, և փորձում էին ճշտել՝ արդյո՞ք նրանք հոսպիտալում են, թե՞ ոչ։
Զինվոր Խաչիկ Խաչատրյանի հարազատն ասաց, որ իրենց 19-ամյա զինծառայողի հետ խոսել են երկու օր առաջ․ - «Ամսի 1-ին դիրքերից իջել ա, զանգել ա, թե ես գնում եմ ճաշարան հաց ունելու, կզանգեն, բայց չի զանգել»:
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրենն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրետակոծության հետևանքով վիրավորված երկու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից մեկն այսօր կրկին վիրահատվել է․ - «Առկա է դրական դինամիկա: Այսօր երեխաներից մեկին՝ Անդրեասյան Վարդանին վիրահատում ենք․․․ Իսկ մյուս երեխային երեկ ընդհանուր անզգայացման տակ վիրակապել ենք, ամեն ինչ նորմալ ա»:
Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանի հայրը ասաց, որ հրազենային վիրավորումից որդու լյարդն է վնասվել:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: