Մատչելիության հղումներ

Պոլիոմիելիտի դեմ կրկնակի պատվաստման պահանջը մտահոգել է ծնողներին


Երկուսից վեց տարեկան երեխաների ծնողները տարակուսած են՝ ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը որոշել, որ հաշմանդամություն առաջացնող պոլիոմիելիտի վարակի դեմ պատվաստված երեխաները մի քանի ամիս անց կրկին պետք է նույն պատվաստումը ստանան:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում համաճարակային վիճակ չկա և պոլիոմիելիտի դեպք վերջին անգամ 17 տարի առաջ է գրանցվել: Այդուհանդերձ Իզաբելլա Սարգսյանին բժիշկներն ասել են, թե Հայաստանում դեպքեր են գրանցվել:

«Եվ ես միակը չեմ, ում նման ինֆորմացիա են տվել բժիշկները: Հետո՝ երկրորդ անգամ արդեն տեղեկացնում են, որ այդ կրկնակի պատվաստումը կապված է այն հանգամանքի հետ, որ նոր պատվաստանյութի է անցնում Հայաստանը: Եթե ամբողջ աշխարհը չի պատվաստվում, ինչո՞ւ ես իմ բալիկին դա պատվաստեմ», - հարցնում է նա:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանն ասում է՝ պատվաստանյութը փոխվում է, Հայաստանում այսօր կիրառվում է բերանին կաթեցվող պատվաստանյութը, որը պոլիոմիելիտի երեք տեսակների դեմ է՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: Այժմ 2-րդ տեսակի դեմ բաղադրիչը պատվաստանյութից հանվելու է: Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջն է, վերջնաժամկետն էլ այս տարվա ապրիլն է: Հիմնավորումը՝ աշխարհն առանց պոլիոմիելիտի:

«Մենք կամաց-կամաց պետք է անցնենք ներարկման ճանապարհով պոլիոմիելիտի կիրառման», - ասում է Սիմոնյանը:

Ծնողները պնդում են, որ Առողջապահության նախարարության բացատրությունը խիստ մասնագիտական է, անհասկանալի և իրենց վստահություն չի ներշնչում: Ավելին՝ նախարարության հաստատած պլանային պատվաստումների ցանկում՝ Ազգային օրացույցում, պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումը ներառված չէ: Ասում են՝ հենց սա է իրենց անհանգստացնում:

Պոլիոմիելիտի պատվաստումը կրկնելու պահանջով պոլիկլինիկայից զանգահարել են նաև Մանե Գևորգյանին: Նյարդային համակարգն ախտահարող այս վարակի մասին Մանեն որոշ չափով տեղեկացված է, բայց չի հավատում մասնագետների փաստարկներին, թե լրացուցիչ չափաբաժինը չստանալու դեպքում վտանգվում է երեխայի առողջությունը:

«Ուղղակի իմաստ չեմ տեսնում, որովհետև սա արդեն ուրիշ, շահադիտական երևույթ է: Այսպես ասած՝ վերջին պարտիան վատնելու ցանկություն», - ասում է Գևորգյանը:

Արձագանքելով ծնողների մտահոգություններին՝ ոլորտի փորձագետն ասում է՝ քանի դեռ աշխարհի որևէ երկրում այս վարակը կա, Հայաստանը պարտավոր է զգոն լինել:

«Ոչ մեկը ապահովագրված չէ, որ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի օր նորից 2-րդ շրջատիպը չի ակտիվանա: Եվ մենք մինչև մեկ տարեկան երեխաներին գոնե կապահովենք այդ 2-րդ շրջատիպով մեկ դեղաչափ», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը:

Պաշտոնական տվյալներով, պոլիոմիելիտի դեմ կրկնակի պատվաստում պետք է ստանա 2-6 տարեկան շուրջ 90 հազար երեխա: Տիկին Սիմոնյանը բացառում է լուրերը, թե նոր պատվաստանյութին անցնելու համար նախարարությունը փորձում է սպառել հինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG