Մատչելիության հղումներ

Թամանյանի արձանի դիմացի շինարարությունը «ապօրինի է»


Երևանցիները մատնանշում են ծանր տեխնիկան և պնդում՝ այս տարածքը ոչ թե բարեկարգում են, այլ կառուցապատում
Երևանցիները մատնանշում են ծանր տեխնիկան և պնդում՝ այս տարածքը ոչ թե բարեկարգում են, այլ կառուցապատում

Քաղաքապետարանի պարզաբանմամբ, տարածքում գործող սրճարանում բարեկարգման աշխատանքներ են ընթանում, սակայն, այնտեղ աշխատող ծանր տեխնիկան «այլ բան է վկայում»:

Երևանի ավագանու ընդդիամադիր անդամ Ստեփան Սաֆարյանի պնդմամբ, արդեն երկու տարի քաղաքի կենտրոնում՝ Օպերայի շենքի ու Թամանյանի արձանի հարևանությամբ ապօրինի շինարարություն է ընթանում․ չնայած օրենքի պահանջին՝ շիննախագիծը տարածքում փակցված չէ:

Քաղաքապետարանն «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել է, թե այդ տարածքում գործող սրճարանում բարեկարգման, հարդարման աշխատանքներ են իրականացվում, մուտքի սալիկներն են փոխվում: Ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն ու քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանը, մինչդեռ, շինարարությունը քողարկող պաստառից այն կողմ աշխատող ծանր տեխնիկան են մատնանշում և պնդում՝ բետոնախառնիչ ու հողով բարձված բեռնատար մեքենաներն, ամենայն հավանականությամբ, ոչ թե բարեկարգում, այլ կառուցապատում են:

«Ես վերևից նայեցի և տեսա, որ էնտեղ բետոնապատման աշխատանքներ են գնում: Խառնիչ մեքենան կանգնած էր էն հատվածում, և ծանր տեխնիկա է աշխատում: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ այս բարեկարգումը շատ ավելի կապիտալ բնույթ է կրում, քան թեթև տաղավարների տարբերակը»,- ասաց Գերավետյանը: «Սա հակասում է քաղաքի զարգացման քառամյա ծրագրին, որն ի վերջո ընդունվել է: Դրվել են հստակ ցուցանիշներ քաղաքում կանաչ տարածքներ ավելացնելու հետ կապված»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս հենց մեր ներկայությամբ փորձեց պարզել, թե պաստառապատված տարածքում ի՞նչ աշխատանքներ են ընթանում: Շինարարությունը հսկող անձը, ով հրաժարվեց ներկայանալ, ընդունեց Սաֆարյանի՝ շիննախագծի բացակայությանը վերաբերող դիտողությունը, բայց մեզ արգելեց նկարահանումներ իրականացնել: «Ազատության» տեսախցիկը հեռվից շինհրապարակում արձանագրեց շուրջ 3 մետր խորությամբ փորված ստորգետնյա տարածք, մինչդեռ շինարարությունը հսկող անձը պնդում էր, թե իրենք ընդամենը արտաքին բարեկարգումն են շարունակում:

Դեռ նախորդ տարի, ակտիվիստների բողոքներից հետո, ոստիկանությունը կասեցրել էր նշված տարածքում ընթացող շինարարությունը՝ շինթույլտվության և նախագծի բացակայության հիմքով: Ամիսներ անց, սակայն, կառուցապատումը վերսկսվել է, երբ շինարարության պատասխանատուները ոստիկանությանը էսիզ-նախագիծ են ներկայացրել: Ավագանու անդամն ու ճարտարապետները, սակայն, մինչ օրս պնդում են՝ էսքիզ-նախագիծը բավարար չէ՝ օրինական շինարարության համար անհրաժեշտ փաստաթուղթը պետք է հաստատվի մի շարք գերատեսչություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG