Մատչելիության հղումներ

«Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ են ճանաչվել


Գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Բաղրամյան պողոտայում, 29-ը հունիսի, 2015թ
Գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Բաղրամյան պողոտայում, 29-ը հունիսի, 2015թ

Գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իր անհաջողության մեջ նաև դիտավորություն է տեսնում։

Երբեմնի հաջողակ գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել։

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։

«Փող որտեղի՞ց բերեմ, տամ, եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ ավելի փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ», - ասաց Աղաբաբյանը։

Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ. հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։

«Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլ»-ը, որից հետո Աղաբաբյանին պատկանող տոնավաճառից շատ առևտրականներ տեղափոխվեցին Ծառուկյանի տոնավաճառ, քանի որ այնտեղ տարածքն անվճար էր հատկացվում։ Արդյունքում պատգամավորի եկամուտը շեշտակի նվազեց։

Աղաբաբյանն իր անհաջողության մեջ նաև դիտավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, իր սնանկանալու հիմնական մեղավորները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն են։

«Դիտավորություն չէ՞. գաս 400 աշխատողի տանես հարկային, վախացնես, ցուցմունքներ վերցնես, էդ քի՞չ բան է։ Դիտավորություն չէ՞, որ Հայաստանի ամենահարուստ տղեն՝ Ծառուկյան Գագիկը, մնացել էր... մի բուռ տոնավաճառին ասեց՝ «եկեք, ձրի տեղ եմ տալիս»։ Ես չգիտեմ՝ իրանց ինչ եմ արել, որ իրենք տենց են վերաբերվում ինձ հետ, եթե բիզնեսն է ընդամենը, դա՝ ուրիշ բան։ Ամեն բիզնես պետք է բարոյական լինի։ Իմ բիզնեսները բոլորը բարոյական են, թող իրենք իրենց անբարոյական բիզնեսների մասին մտածեն», - ասաց գործարարը։

Հանրապետական Աղաբաբյանի խոսքով, Հայաստանի ամենամեծ մարզադաշտը՝ «Հրազդան»-ը առաջիկա երեք տարիներին թերևս չի գործի՝ սպասարկող անձնակազմի բացակայության պատճառով։ Նա պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել, որով առաջիկա տարիներին կմարի աշխատողների պարտքերը, իսկ մարզադաշտը կմնա իր սեփականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG