Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Ոստիկանության հայցը ընդդեմ Լևոն Բարսեղյանի


Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, արխիվ:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, արխիվ:

Վարչական դատարանը մերժել է Ոստիկանության հայցը ընդդեմ Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի:

Բարսեղյանը, հիշեցնենք, բերման էր ենթարկվել երկու տարի առաջ Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի երթի ժամանակ:

Այդ օրը, բացի Բարսեղյանից, Ոստիկանություն տարված ավելի քան հարյուր ցուցարարներից շատերի գործը հասել է դատարան: Եվ ահա 20 ամիս ձգված դատական քաշքշուկից հետո Բարսեղյանի նկատմամբ Ոստիկանության հայցը մերժվեց:

«Սա նաև օրինակ է այն բանի, որ երբ այսպես ակնհայտ ապօրինի հայց ու հարձակում է լինում քաղաքացու վրա, ու եթե պաշտպանությունը լավ է կազմակերպվում, այսպես թե այնպես, դատարանին, դատավորին օգնում ես, որ ինքը արդար վճիռ կայացնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը՝ շարունակելով. - «Իհարկե, միշտ չէ, որ սա երաշխավորված է: Դատավորներ կան, որ այնքան խորն են թաղված, որ մորթես՝ էդ տեսակ վճիռ չի կայացնի»:

«Բազմաթիվ նախադեպեր են բերված այստեղ, և ակնհայտ էր, որ եթե հանկարծ վճիռը կայացվեր Ոստիկանության օգտին, անգամ եթե դա շարունակվեր Վերաքննիչում, Վճռաբեկում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, տանուլ էր տալու Հայաստանի Հանրապետությունը: Դա, ճիշտ է, դատավորի գրպանին ուղիղ չէր կպնելու, բայց ակնհայտորեն խայտառակելու էր դատավորին: Ինձ թվում է, որ, հա, կայացվել է արդար վճիռ», - շեշտեց «Ասպարեզ» ակումբի նախագահը։

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Ոստիկանությունը կբողոքարկի վճիռը: Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, պատրաստվում է Ոստիկանության դեմ հայց ներկայացնել. - «Արդեն մենք ենք լինելու հայցվոր՝ մեր դատական ծախսերի փոխհատուցման պահանջով: Որովհետև ոչ ոք Վովա Գասպարյանի ու Ոստիկանության պարապը չէ, որ 20-30 նիստ ելնի Երևանից գա հասնի Գյումրի, կամ ես բան ու գործ թողնեմ, գնամ դատարան, որ լսեմ, թե ինչ հեքիաթային, զավեշտալի բաներ է խոսում Ոստիկանության ներկայացուցիչը»:

Ոստիկանության գործողությունը, ըստ Բարսեղյանի, մեկ նպատակ էր հետապնդում՝ հավատարմություն հայտնել այդ օրը նախ Գյումրիում, ապա Երևանում գտնվող Վլադիմիր Պուտինին. - «Դա մի աննկարագրելի կայֆ է մեզ համար: Ինձ ու իմ պես մտածողների համար աներևակայելի վայելք է տեսնել, թե ինչպես են մեր հարկերը խժռող պաշտոնյաները խաղք ու խայտառակ լինում դատարաններում և ուրիշ տեղերում»:

Վարչական վարույթների մեծ մասը կազմվում է «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու» հիմնավորմամբ: Բարսեղյանը հարց է բարձրացնում՝ իսկ ո՞վ է ասել, որ ոստիկանի ցանկացած պահանջ օրինական է. - «Այս հարցը հարցերի հարցն է: Վերջապես պիտի սրանք հասկանան, որ ոստիկանի բերանից ելած բոլոր խոսքերը, ի պաշտոնե ելած բոլոր խոսքերը չէ, որ օրինական են: Ո՞վ է ձեզ խաբել, թե ես իրավունք չունեմ Ամիրյան փողոցով երթ անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG