Այսօր Բաքվի առանձնակի ծանր հանցագործություններ քննող դատարանում քաղաքագետ Արիֆ և իրավապաշտպան Լեյլա Յունուսների դատավարությունն անսպասելիորեն ընդհատվել է Արիֆ Յունուսի առողջության կտրուկ վատթարացման պատճառով:
Արիֆ Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատացել է վկայի հարցաքննությունից հետո:
Դատարանը մի քանի անգամ որոշել է հետաձգել նիստը, նրա արյան բարձր ճնշման պատճառով ի վերջո հնարավոր չի եղել շարունակել, հաջորդ դատական նիստը նշանակվել է վաղը:
Արիֆ Յունուսի փաստաբան Աֆգան Մամեդովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է.- «Արիֆ Յունուսի արյան ճնշումը հասել է 200-ի, ես շատ անհանգստացած եմ: Այնտեղ բժիշկ կա: Արիֆ Յունուսն ունի բարձր ջերմություն: Բժիշկները դեղեր են տալիս, ներարկումներ են անում, սպասում ենք, որ ջերմությունն իջնի»։
Փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալին տեսել է մի քանի մետր հեռավորությունից, ուղեկցող գումարտակը թույլ չի տալիս մոտենալ:
Իրավիճակը լարված է եղել դատարանի բակում: Դատական կարգադրիչները՝ դատարանի մուտքի մոտ, իսկ ոստիկանները՝ դատարանի բակում արգելել են լրագրողների մուտքը:
Անցյալ տարվա օգոստոսի 5-ին ձերբակալված Լեյլա և Արիֆ Յունուսները մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խարդախության մեջ: Ամուսինների դեմ քրեական գործից անջատված մասը վերաբերում է Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքին:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Յունուսներին համարում է խղճի բանտարկյալ:
Քաղաքական բանտարկյալների մշտադիտարկման կենտրոնն այսօրվա հայտարարությամբ դատարանին և դատախազությանը մեղադրել է Յունուսների գործի քննության ժամանակ թույլ տված կոպիտ օրինախախտումների մեջ:
Քննադատության է արժանացել, մասնավորապես, այն, որ նախաքննական մարմինը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, իսկ Յունուսների երեք փաստաբաններին անհիմն հեռացրել են գործի քննությունից:
Քաղաքական բանտարկյալների մշտադիտարկման կենտրոնը նշում է, որ այսօրվա դատական նիստը նույնպես տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով՝ առանց որևէ հիմնավորման արգելել են լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների մուտքը դատարանի դահլիճ:
«Այս ամենը վկայում է բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության, դատական գործընթացին պետական ապարատի միջամտության մասին»,- նշում է Քաղաքական բանտարկյալների մշտադիտարկման կենտրոնը և հորդորում վերջ դնել Յունուսների նկատմամբ հետապնդումներին, առաջնորդվել Սահմանադրությամբ, հարգել բանտարկված ամուսինների իրավունքներն ու արժանապատվությունը: