Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ Եվրամիություն-Հայաստան բանակցությունների տեխնիկական մասը, թերևս, ավարտված կլինի:
Դեսպանը փոխանցեց նաև, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները:
«Եվրամիությունը աշխատում է մեր բարեկամ Հայաստանի հետ՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի նոր տեքստը լրամշակելու ուղղությամբ: Ռիգայի գագաթնաժողովի նախօրեին աշխատանքի տեխնիկական մասը Բրյուսելում ավարտին է մոտենում: Բանակցային գործընթացը հիանալի պայմաններում է: Մոտեցումը հետևյալն է՝ ինչպես ցանկացել է Հայաստանը, շեշտը պետք է դնել համագործակցության այն հնարավոր ուղղությունների վրա, որոնք չեն հակասում ԵՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Բավականին դրական մթնոլորտ կա: Տեխնիկական դետալները այս պահին չեմ ներկայացնի: Ֆրանսիայի տեսլականը հետևյալն է՝ ներկայանալ Ռիգայի գագաթնաժողովին հստակ պատկերացմամբ, թե որն է Հայաստան - Եվրամիության համագործակցության շրջանակը: Ապրիլի 24-ին Երևան Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, աշխատանք կտարվի նաև այս կարևոր հարցի շուրջ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց դեսպանը:
Եվրամիության Արևելյան գործընկերության նախորդ գագաթնաժողովին, որը կայացավ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում, Հայաստանը, հիշեցնենք, հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ավելի քան երեք տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը՝ բավարարվելով համատեղ հայտարարությամբ:
Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն օրերս Երևանում հայտարարեց, թե 2015-ը որոշիչ տարի է Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների համար, և վստահություն հայտնեց, որ Եվրահանձնաժողովը առաջիկայում կստանա ԵՄ անդամ երկրների մանդատը՝ նոր համաձայնագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսը համատեղ էր. մասնակցում էր նաև Երևանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը: Ասուլիսը նվիրված էր Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերին, և օգտվելով առիթից Գասսերին հարցրեցինք՝ արդյո՞ք Շվեյցարիան շարունակում է իր միջնորդական ջանքերը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:
«Շվեյցարիան միշտ պատրաստակամ է օգնել, եթե երկու կողմերը նման օժանդակություն ստանալու ցանկություն հայտնեն: Մենք սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանություններրի հետ: Մանավանդ, երբ որոշ ժամանակ առաջ հայտարարվեց, որ 2009 թվականին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական երկու արձանագրությունները հետ են կանչվել Հայաստանի Ազգային ժողովից: Մենք, բնականբար, գիտենք այդ որոշման մասին, բայց չնայած այդ որոշմանը, մտածում ենք, որ արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու համար»: