Մատչելիության հղումներ

Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը


Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Այսօր՝ գյումրեցիների տված «տղամարդկային խոսքից» ավելի քան երկու շաբաթ անց, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Հայաստանի 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:

Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով Գյումրիում փողոց դուրս եկած ակտիվիստները սպասելու են ռուսական կողմի արձագանքին, որը կպայմանավորի իրենց հետագա քայլերը:

«Հիմա մերժումը կարող է շատ ավելի լարել իրավիճակը: Հետևաբար շատ խելամիտ կլինի և շատ կարևոր կլինի, որ ռուսական իշխանությունները հարգեն մեր արդարացի և օբյեկտիվ իրավական պահանջը, և տվյալ անձին հանձնեն հայ իրավապահներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Այսօր ավելի վաղ ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե Պերմյակովին կդատի զինվորական դատարանը և դատավարությունը կանցկացվի 102-րդ ռազմակայանի տարածքում: Հղում անելով քննությանը մոտ կանգնած աղբյուրներին՝ գործակալությունը նաև նշում է, թե որոշում է կայացվել, որ հայ քննիչների ձեռքի տակ եղած նյութերը առաջիկայումփոխանցվելու են ռուս իրավապահներին:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով, այս հրապարակումներով ռուսական կողմը փորձում է պարզել Հայաստանում առկա տրամադրությունները:

«Կարծում եմ, որ զոնդաժի նպատակ ունեն, տրամադրությունները շոշափելու Հայաստանում․ թե ինչպիսի արձագանք կլինի սրան: Բայց անկախ դրանից,ռուսական աղբյուրը ասել է, որ ռուսական կողմը, զինվորական դատարանն է դատելու, բազայի տարածքում: Ես չգիտեմ, գուցե իրենք հետո Չարբախի կայազորային դատարանը նույնպես կհամարեն, որ դա բազայի տարածքում է և կորոշեն, որ, քանի որ բազայի տարածքում է, դատը պետք է փակ լինի, և այլն: Սա ռուսական կողմի դիրքորոշումն է հայտարարված, իսկ հայկական իշխանությունների կամ ինչ մնացել է իշխանություններից Հայաստանում՝ նրանց դիրքորոշումն առայժմ չի հնչել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Հարցին, թե արդյոք ռուսական կողմը չի փորձում բողոքի ակցիայի մասնակիցներին ցույց տալ, որ ինչքան էլ փողոց դուրս գան, իրավիճակ թելադրողն ու հարց որոշողն իրենք են, Բարսեղյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, թե ռուսական կողմը հատուկ ինչ-որ դեմոնստրացիաներ է անում: Դրա կարիքը չունի: Ինքը իր հասկացածով իր քաղաքացու և իր պետական շահերն է պաշտպանում: Հիմա այդ շահերի մեջ Հայաստանի շահը չկա, չի երևում»:

Գյումրեցիները, մինչդեռ, շարունակում են ստորագրահավաքը Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու՝ Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին ուղղված պահանջով․ տասն օրվա ընթացքում հավաքվել է մոտ ութ հազար ստորագրություն:

«Արդյունքներից կախված մենք կորոշենք, թե ինչպես ենք հանձնելու: Չի բացառվում երթ, չեն բացառվում ակցիաներ այդ հանձնման պարագայում: Եթե փորձենք հիմա ընդհանրացնել, գյումրեցիները շարունակում են այս հարցում պահանջատեր մնալ և դեռ սպասում են իշխանությունների քայլերին», - «Ազատության»-ը փոխանցեց նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանը:

Ակտիվիստները նշում են, որ հետագա զարգացումներից ելնելով՝ պահանջները կարող են վերանայվել՝ ընդգծելով, որ մեկ հարցում կասկած չունեն․ - «Հայկական իրավազորություն գերակայություն պետք է լինի․․․ Բացի դրանից, մենք հստակ ֆիքսում ենք նաև, որ պահանջում ենք ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք»:

Ներսիսյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե պայքարը թուլացել է, սխալվում են․ - «Գուցեև իշխանություններն են մտածում, գուցեև մնացածն են մտածում․․․ Ես նորից եմ փաստում, որ չի թուլացել ո՛չ ցավը, չի թուլացել ո՛չ այդ սարսափը գյումրեցիների մոտ, ե դեռևս այդ հանդարտությունն ու խաղաղությունը պայմանավորված չէ ոստիկանների քանակով Գյումրիում և պայմանավորված չէ ոչ ադեկվատ վերաբերմունքով, որը իշխանությունները ունեն: Մենք ասեցին՝ այսօր կարող ենք խաղաղ ու հանդարտ լինել, բայց մենք ապացուցեինք, որ կարող ենք և չլինել: Իսկ դա պետք է բոլորը գիտենան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG