Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակում


Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակում
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը ընդգծեց, որ կառավարությունը նման օրինագիծ մշակում է նախագահ Օլանդի ցուցումով:

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում մշակվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպանը, ով երեկ իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, ընդգծեց, որ կառավարությունը նման օրինագիծ մշակում է նախագահ Ֆրանսուա Օլանդի ցուցումով:

Ասուլիսի ընթացքում հարցը հնչեց այսպես, թե ինչ փուլում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայում:

«Ֆրանսիայի նախագահի ցուցումով կառավարությունում, իսկ երբ ասում եմ գործադիր իշխանություն, առաջին հերթին ի նկատի ունեմ Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարարությանը, տարվում են աշխատանքներ նոր օրինագծի մշակման ուղղությամբ, որոնք պետք է անպայման հաշվի առնեն Սահմանադրական խորհրդի արված դիտողությունները: Իմիջիայլոց, իրողությունն այն է, որ անցած տարվա ապրիլին, երբ Փարիզում ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, նախագահ Օլանդը, մասնակցելով այդ արարողությանը, ևս մեկ անգամ խոսեց այս մասին: Ինչ վերաբերում է ժամկետներին, այս պահին ստույգ ժամկետ չեմ կարող ասել, թե երբ այդ նոր օրինագիծը մուտք կգործի խորհրդարան», - ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ 2012-ի հունվարին օրինագծին իր հավանությունը տվեց նաև վերին պալատը՝ Սենատը, սակայն մեկ ամիս անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց օրինագիծը:

Հատկանշական է, որ Սահմանադրական խորհրդի նման որոշումից անմիջապես հետո Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրեց երկրի կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել։

Անցած տարվա դեկտեմբերին, ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականը գրեց, որ առաջիկա ամիսներին կառավարությունը օրենսդիրներին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Պարբերականը հիշեցրել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նախագահ Օլանդի նախընտրական հանձնառություններից է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, 12-ը նոյեմբերի, 2014թ․
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, 12-ը նոյեմբերի, 2014թ․

2015-ի ապրիլին Օլանդը այցելելու է Երևան

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը 2015-ի ապրիլի 24-ին լինելու է Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կայանալիք հիշատակի արարողություններին:

«Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հայտարարել է, որ գալիք տարվա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին լինելու է Հայաստանում», - նշեց նորանշանակ դեսպանը:

Անդրադառնալով հայ - ֆրանսիական հարաբերություններին՝ դեսպանը սերտ գնահատեց դրանք և ընդգծեց՝ իրեն հանձնարարված է ակտիվացնել հայ - ֆրանսիական կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG