Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ն կքննի նոյեմբերի 14-ին


ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ն կքննի նոյեմբերի 14-ին
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ն կքննի նոյեմբերի 14-ին

Սահմանադրական դատարանը (ՍԴ) նոյեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով, փակ դռների հետևում քննելու է, թե արդյոք համապատասխանում են Սահմանադրությանը Եվրասիական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները:

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կասկած չունի, որ տասը օրից Գագիկ Հարությունյանը կհաստատի այս փաստաթուղթն ու կուղարկի խորհրդարան․ - «Իրեն ինչ ասեցին, ինքը այն էլ կասի»:

Գյումրեցի Բարսեղյանը կեսկատակ ասում է՝ առաջին անգամ Սահմանադրական դատարանի որոշումը կողջունի նաև ընդդիմությունը: Նա կարծում էր, թե առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ընդվզեր «Ռուսաստանի շվաքում ապրելու» դեմ, բայց չգիտես ինչպես անկախ Հայաստանի գաղափարը դարձավ մարգինալ:

Լևոն Բարսեղյանի կարծիքով, ընդդիմադիրներն ավելի լավ են հիմնավորում Կրեմլի հետ դաշինք կազմելը, քան իշխանությունները․ - «Շատ լավ գործընկերներ դարձան այս մասով: Եվ եթե այդ պայքարը բերելու է նրան, որ Եվրասիական տնտեսական միության այս հարավային պրովինցիայում ապրող քաղաքացին մի քիչ շատ է աշխատավարձ ստանալու, դա շատ քիչ բան է»:

Բարսեղյանի համոզմամբ՝ եթե Սահմանադրական դատարանը քաղաքական պատվեր չկատարեր, ապա պիտի արձանագրեր, որ որոշումների կայացումը վերպետական մարմնին զիջելը նշանակում է զիջել ինքնիշխանության մասը․ - «Սա հավասար պայմանագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել՝ ասելով, թե ասոցացման համաձայնագիրը․․․ Դա բոլորովին նույն բանը չէր․ այնտեղ հավասարը հավասարի հետ պայմանագիրն է, և Հայաստանն էր որոշում կայացնելու՝ հավասարի պես»:

Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է Գագիկ Հարությունյանին՝ պահանջելով պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով: Նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է, թե հանրությունն այսպես կիմանա, թե արդյոք դատարանը աչք է փակել որոշ հարցերի վրա․ - «Եթե դա գրավոր ընթացակարգով է, ապա բոլորս ընդամենը տեղեկանալու ենք վերջնական եզրակացությունից»:

«Հույս կա, որ Սահմանադրական դատարանը գոնե իր մտահոգությունը կհայտնի որոշ դրույթների հետ կապված: Կամ խորհուրդ կտա գործադիր իշխանությանը իրականացնել հանրաքվե՝ հարցի հետ կապված», - նշեց նա:

Իսկ վիճելի՝ այդ թվում հակասահմանադրական դրույթներ Իրազեկ քաղաքացիների միավորումը փաստաթղթում գտել է, թեկուզ հենց մայր օրենքի առաջին հոդվածը՝ «Հայաստանը ինքնիշխան պետություն է»: Այսինքն, չի կարող ենթարկվել այլ պետությունների ու մարմինների որոշումներին և հրահանգներին:

Միավորումը դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ նկատի ունենալով նաև, որ որոշ ուժերի նախընտրական ծրագրերում շեշտված էր եվրոպական ինտեգրացիան:

Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» անունից վստահեցնում է, որ դեմ են արտահայտվելու: Ընդդիմադիր պատգամավորը պայմանագիրը որակում է ստորացուցիչ:

Բանավոր հավաստիացումները, թե Արցախի սահմանին մաքսակետ չի տեղադրվելու, Փոստանջյանին չեն համոզել․ - «Ըստ փաստաթղթերի, այո՛, պետք է տեղադրվի մաքսակետ, այո՛, պետք է այդտեղ գործի մաքսավոր: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ զինված օտար մաքսավոր Հայաստանի և Արցախի սահմանին»:

Լևոն Բարսեղյանի խոսքով, Ռուսաստանը իբրև թե անվտանգության երաշխավոր է, սակայն ի՞նչ արժե Արցախի «անվտանգությունը»՝ առանց անկախ Հայաստանի․ - «Էգուց կասեն՝ գիտեք, ձեր թղթաբանությունը թարգմանել զահլաներս գնաց, արդեն սկսեք ռուսերեն գրել: Այդ դրամական միավո՞րն ինչ եք անում, բերեք միացյալ ալթին է, մալթին է, ռուբլի է, չգիտեմ, տուգրիկ է․․․ Կարելի է արդարացնել ամեն ինչի զիջումը․ ասեք մեզ՝ սահմանը ո՞րն է»:

XS
SM
MD
LG