Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ՝ իշխանությունների համար մինչև օրս հստակ չէ, թե ինչ պահանջներ է ներկայացնում ոչ իշխանական եռյակը:
Երեկ, հիշեցնենք, zham.аm-ի հետ զրույցում հայտարարելով, որ հետդարձի ճանապար չունի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նաև ասաց․ - «Մենք երկար ժամանակ չունենք սպասելու»:
«Դեռևս ընդդիմությունը պահանջներ չի ներկայացրել, իսկ մենք կատարում ենք Կառավարության ծրագիրը, որը հաստատել ենք մենք», - այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Ծառուկյանի խոսքերին, թե հետդարձի ճանապարհ այլևս չկա՝ Գալուստ Սահակյանը նախ ասաց․ - «Պայքարը հենց էդպիսին է․ եթե սկսում ես պայքարել, պիտի արդյունքներ գրանցես»: Հետո հավելեց․ - «Միշտ էլ պայքարելը իր արդյունքը տալիս է, և կարևոր չէ, թե արդյունքի մեծությունը ինչքան կարող է լինել»:
«Ազատության» հարցին, թե իր կարծիքով իրավիճակը Հայաստանում կապակայունանա՞, թե՞ ամեն ինչ կընթանա սահմանադրական ճանապարհով, Սահակյանն արձագանքեց․ - «Մենք կողմնակից ենք սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարվելուն»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կողմնակից են սահմանադրական ճանապարհով իշխանափոխությանը, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Կվիրավորվեք, որ ասեմ: Հարցը ինքնին իր մեջ պատասխանը պարունակում է»:
Իսկ հարցին, թե ինչ պատահեց, որ կոալիցիոն նախկին գործընկերները հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում, Հանրապետականի փոխնախագահը արձագանքեց․ - «Քաղաքական պրոցեսները համաձայնությունների դաշտ է: Այնպես չէ, որ համաձայնություններ են լինում, և դա շարունակաբար պիտի գործի: Կոալիցիաները դրանք ժամանակավոր կառույցներ են»:
Նշված հարցազրույցում Ծառուկյանն ասել էր, թե հաջորդ տասը տարում թույլ չեն տալու, որ նույն դեմքերը լինեն: Հարցին, թե ինչ ծրագրեր ունեն հաջորդ տասնամյակի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Ես ընդհանրապես ամբողջ կյանքի ժողովրդի և հասարակության համար մեծ, շատ մեծ ծրագրեր ունեմ»: