Երեք ամիս առաջ իր տան բակում վիճաբանությունից հետո մահացած 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։
Եզրակացությունում նշվում է, որ գլխին հասցված բութ վնասվածքից գլխուղեղի կենսական ֆունկցիաների սուր խանգարումն է դարձել մահվան պատճառ։ Մինչդեռ գործով անցնող երեք կասկածյալներին՝ մարտարվեստի չեմպիոններին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար։
Ազատամարտիկի շիրիմին այցելած հարազատները՝ քույրն ու կինը պնդում են, որ պայքարելու են մինչև վերջ, որպեսզի այս գործը դատարան մտնի ոչ թե մեղմ հոդվածով, այլ սպանության։
«Էն որ ասում են՝ ասեղը պարկի մեջ թաքցնել չի կարելի, էսօր հենց էդ նույն բանն ա: Էսօր Վարդանի մահը ոչ ոք չի կարող մարսել: Սա էդ մահը չի: Սա անմեղ մարդու մահ է, որի համար մինչև վերջ պիտի պատասխան տան հանցագործները: Էդ 112-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ հոդվածները շատ մեղմ են: Նրանք պետք է դատվեն որպես իսկական մարդասպաններ», - ասաց Թումանյանի քույրը:
Մեղադրվող կողմը կասկածի տակ է դնում փորձաքննության արդյունքները և պատրաստվում է այն բողոքարկել՝ պնդելով, որ ազատամարտիկը մահացել է հիվանդության պատճառով։ Մինչդեռ Թումանյանի հարազատները պնդում են, որ նա լուրջ հիվանդություն չուներ։
Ըստ քրեական գործի, ազատամարտիկին իր տան բակում ծեծողները երեքն են եղել՝ նույն թաղամասի բնակիչ, «Ջունգլ» մականունով մարտարվեստի չեմպիոն Գևորգ Սարգսյանն ու զարմիկները՝ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը։ Գևորգն ու Սարգիսը կալանավորված են, Հովսեփը հետախուզվում է։
Սպանվածի կինը՝ Տատյանա Մելքումյանը, ով անձամբ է տեսել, թե ինչպես են դաժան ծեծի ենթարկում ամուսնուն, պնդում է, որ հարձակվողները հենց սպանելու նպատակ ունեին։
«Ես իմ աչքի տեսած հարվածները, եթե չտեսնեի, այդքան համոզված չէի լինի: Ես [դատաբժշկի] պատասխանին պատրաստ էի, էնպես չէ, որ ես պատասխանը չգիտեի: Ես կարող եմ ասել, որ, այո, մեղմ է դրված [մեղադրանքը], որովհետև նրանք էն դաժանությամբ, որ խփում էին, իրենք գիտեին իրենց հարվածները: Եվ գնալուց իրենք փոշմանել էին, որ չեն սաստկացրել, իրենց խոսքերն էին դրանք: Հենց էդ նպատակով էին եկել», - «Ազատությանը» փոխանցեց ազատամարտիկի կինը:
Տուժող կողմի պաշտպան Հայկ Ալումյանը ևս նշում է, որ ծեծողները մարտարվեստի վարպետներ էին ու գիտեին իրենց բռունցքի ուժը՝ շեշտելով, որ ակնհայտորեն նրանք գիտակցել են իրենց արարքի ազդեցությունը, հետևաբար՝ առաջադրված մեղադրանքն այս դեպքում բավարար չէ։
Մյուս պաշտպանը՝ Տիգրան Մուրադյանն էլ հավելում է, որ միջնորդելու են, որպեսզի պատասխանատվության ենթարկվի նաև ամբաստանյալների ընտանիքի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ով ըստ տուժող կողմի, ոչ միայն ներկա է եղել վիճաբանությանը, այլև կռվի պատճառն է դարձել։
«Ես կարծում եմ նաև, որ այս մարտարվեստի մեջ կա հատուկ ուսմունք, որտեղ հենց փորձում է ցույց տալ հարվածի ուժը, ազդեցությունը, հետևանքը, և հաշվի առնելով, որ այդ անձինք այդ մարտարվեստի ներկայացուցիչներ են, կարծում եմ, որ նրանք պետք է դա հասկանային», - ասաց Մուրադյանը:
Վարդան Թումանյանը ընտանիքի միակ կերակրողն էր, 4 զավակ ուներ։