Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնաբանում են «Եվրոպական փաթեթը»


Վլադիմիր Պուտինը ու Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո: 3-ը սեպտեմբերի, Մոսկվա:
Վլադիմիր Պուտինը ու Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո: 3-ը սեպտեմբերի, Մոսկվա:

«Ազատության» հետ զրույցներում քաղաքագետները մեկնաբանում են ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրոպական փաթեթը»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Եվրամիությունը վերանայի ստեղծված իրավիճակը, և դա է պատճառը, որ Եվրամիության 13 պետությունները կազմել են Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելուն ուղղված փաստաթուղթ:

Հիշեցնենք, ավելի քան 3 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո Հայաստանը ոչ միայն չնախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, այլև հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ուկրաինան, թեև սառեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, սակայն չհայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, ինչը հնարավորություն է տալիս այդ երկրի հետ խոսել այլ դիրքերից, իսկ Հայաստանն այսօր անորոշ կարգավիճակում է:

«Ուկրանայի դեպքում իրենք ունեն համագործակցության, բանակցությունների դաշտ: Հայաստանի դեպքում ոչ մի դաշտ չկա: Շատ քիչ է համագործակցության հնարավորությունը ոչ այն պատճառով, որ Եվրոպան չի ուզում մեզ հետ համագործակցել, այլ այն պատճառով, որ մենք գնում ենք Մաքսային միություն: Դա ավտոմատ նշանակում է, որ դու օրակարգը էջ առ էջ փակում ես», - մանրամասնեց նա:

«Եվրոպական փաթեթում» Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայում Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»: Գրիգորյանը պարզաբանեց. - «Դրանով իրենք ասում են, որ, այնուամենայնիվ, պատրաստ են ինչ-որ բան մտածել, բայց իրենք էլ առաջարկ չունեն: Ու այդ մոտեցումը ինձ հասկանալի է, դա պատահականություն չէ, քանի որ Եվրամիությունն ասում է` դո'ւք չեք ստորագրել, դո'ւք հրաժարվեցիք նախաստորագրել… Հիմա Հայաստանը պետք է որոշում ընդունի, թե ինքը ինչ է ուզում»:

Քաղաքագետի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցելով` գրեթե փակվում են Եվրամիության հետ համագործակցության ուղիները. - «Ի՞նչ մնաց Եվրամիության հետ մեր համագործակցության մեջ: Վիզաների հեշտացման պրոցեսը մնաց, սեկտորալ, մի երկու տեղ համագործակցություն` ասենք, կրթության, գիտության ոլորտում: Միգուցե գյուղատնտեսության ոլորտում կարող է շարունակեն ծրագրերը: Բայց այլ լուրջ ծրագրեր, ես նկատի ունեմ ռեֆորմներ անելը, ազատ շուկայական հարաբերություններ, էներգետիկ ոլորտ. այդ բոլորը փակվել է, քանի որ մենք գնում ենք Մաքսային միություն: Հենց դա է պատճառը, որ բովանդակալից մասը զրո է Հայաստանի նկատմամբ»:

Այդ ամենից բացի, Գրիգորյանի խոսքով, Հայաստանն այսօր արդեն ինքնիշխանության մասնակի կորստի խնդիր ունի. - «Քանի որ մի քանի ոլորտներում, դեռ նույնիսկ Մաքսային միություն չմտած, մենք գրեթե մեր ամբողջ փաթեթը տվեցինք Ռուսաստանին: Օրինակ` գազի ոլորտում… Մի շարք հարցերում, այո', մենք տեսնում ենք այդ շատ վտանգավոր տենդենցը, երբ Հայաստանը իր սուվերենության մի մասը հանձնում է»:

Իսկ Մաքսային միությանն անդամակցելով` երկրի ինքնիշխանության կորստի հարցն ավելի է ընդգծվում. - «Քանի որ մենք մտնում ենք Մաքսային միության մեջ, ու այնտեղ կան վերպետական ինստիտուտներ, մենք իրենց տալիս ենք իրավունք մեր անունից խոսել Եվրամիության հետ: Դա նշանակում է, որ մի շարք հարցերում մեր սուվերենության աստիճանը անկում է ապրելու, ու, ճիշտն ասած, դա նախատեսված չէ Սահմանադրությամբ»:

«Միգուցե իշխանությունները այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացնեն: Դժվար է ասել», - եզրափակում է Ստեփան Գրիգորյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, մինչդեռ, այս փաթեթը մի նոր հնարավորություն է Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրած երկրների հետ համագործակցությունն ինչ-որ կերպ պահպանելու և շարունակելու համար:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
«Այն, ինչ մենք տեսնում ենք, դա Բրյուսելի կողմից ներկայացված բավական նշանակալից մի հայտ է, ինչը ցույց է տալիս, որ Եվրամիությունը շարունակում է առաջ գնալ Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով: Անգամ այնպիսի մի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, որը նույնիսկ չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

«Հայաստանի համար սա նշանակում է մի նոր հնարավորություն առնվազն հանձնառու մնալ Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացվող բարեփոխումներին ու առհասարակ եվրոպական չափանիշներին, Միևնույն ժամանակ, սա Եվրամիությանն էլ հնարավորություն է տալիս շարունակել օգնել Հայաստանի կառավարությանը՝ հետագա ժողովրդավարացման և Մաքսային միությանն անդամակցելուց հետո ակնկալվող տնտեսական դժվարությունները հաղթահարելու հարցերում», - հավելեց քաղաքագետը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է համատեղել փոխգործակցության այս երկու ուղղությունները (մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից՝ Մաքսային միություն), Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց, թե ինքը խիստ կասկածում է, որ Հայաստանն ի վերջո իսկապես կանդամակցի Մաքսային միությանը:

Միևնույն ժամանակ, ըստ Կիրակոսյանի, Եվրամիության առաջարկած նոր փաթեթը վկայում է, որ Բրյուսելը հետևողական է շարունակել իր հարաբերությունների կառուցումը Արևելյան գործընկերության երկրների հետ, անգամ այն պարագայում, երբ նրանցից մի քանիսը հրաժարվում են նախաստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերը:
XS
SM
MD
LG