Մատչելիության հղումներ

Նախարարը վստահեցնում է՝ ԵՄ-ն չի սառեցրել իր ֆինանսական ծրագրերը


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացնում է` Եվրամիությունը չի սառեցրել իր ֆինանսական ծրագրերը և այս շաբաթ Հայաստանի կառավարության հետ կստորագրի «Աջակցություն բյուջեին» 29 միլիոն եվրոյի ծրագիրը։

Այս բազմամիլիոնանոց ծրագիրը, որն ուղղված է դատաիրավական բարեփոխումներին, պետք է ստորագրվեր դեռևս անցած ամիս: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու սեպտեմբերի 3-ի հայտարարությունից մի քանի օր անց հրավիրած ասուլիսում Հրայր Թովմասյանը նշել էր, թե սեպտեմբերի 12-ին կստորագրվի 29 միլիոն եվրոյի աջակցության համաձայնագիրը:

Այսօր պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք այս համաձայնագրի ստորագրման ձգձգումը կապվա՞ծ չէ Հայաստանի Մաքսային միություն մտնելու որոշման հետ, արդարադատության նախարարը վստահեցրեց, թե համաձայնագիրը կնախաստորագրվի այս շաբաթ։

«Չի սառեցվել, այս շաբաթվա ընթացքում կնախաստորագրվի և 10-15 օրվա ընթացքում կստորագրվի այս համաձայնագիրը»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ Մաքսային միություն մտնելու որոշումը որևէ ազդեցություն չի ունեցել այս ծրագրի վրա, դեռ մի բան էլ «գումարները ավելացել են»։

Միևնույն ժամանակ արդարադատության նախարարությունը արդեն սկսել է Հայաստանի օրենսդրությանը համապատասխանեցնել Մաքսային միության պահանջներին: Նախարար Հրայր Թովմասյանի փոխանցմամբ՝ օրենսդրական փոփոխությունները հիմնականում կվերաբերեն ֆինանսական ոլորտին:

«Դրանք մոտ 40-50 համաձայնագրեր են, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին և դրանից բխող օրենսդրական փոփոխություններ են։ Հիմա սկսել են այդ համաձայնագրերի թարգմանության աշխատանքները և այսպես ասած՝ գույքագրումը, թե ինչ հակասություններ կան, ինչ անհրաժեշտություն կա։ Հատկապես ֆինանսական ոլորտին է վերաբերում, բայց դա այսպես թե այնպես առնչություն է ունենալու մյուս ոլորտների հետ՝ սկսած տարիֆներից, վերջացրած որոշակի ռեժիմներով և այլն։ Քաղաքական մասին վերաբերյալ այնտեղ ոչինչ չկա»,- ասաց նախարարը։

Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ Մաքսային միության անդամները իրականում ցանկություն չունեն Հայաստանին թողնել այդ միություն՝ հաշվի առնելով Ղարաբաղի չլուծված խնդիրը: Թովմասյանն առաջարկեց այդ հարցը տալ արտգործնախարարին:

Հիշեցնենք, ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքը, անդրադառնալով այս թեմային, ընդգծել էր, թե Երևանի ցանկությունը՝ դառնալ Մաքսային միության անդամ, առաջիկայում ցանկություն էլ կմնա՝ «Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Ի դեպ, այս ֆոնին բավական ուշագրավ հայտարարություն է արել էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Մասնավորապես, այսօր նա հայտարարել է, թե գործարարությամբ զբաղվելու դյուրինության Հայաստանի բարձր ցուցանիշները կօգնեն Հայաստանին ավելի արագ դառնալ Մաքսային միության անդամ։

«Վերջերս Մինսկում Մաքսային միության գերագույն խորհրդի նիստն էր կայացել, մեր նախագահը ելույթ ունեցավ այնտեղ և ֆիքսեց այս պահը՝ ասելով, որ իսկապես մենք Մաքսային միության երկրներից բիզնես միջավայրով առաջ ենք և ասելիք ունենք Մաքսային միությունում, և սա իսկապես լրացուցիչ օժանդակ մի փաստարկ է, որ մենք շատ արագ դառնանք Մաքսային միության անդամ։ Դա մեր առավելությունն է, որը հնարավորություն է տալիս արագ միանալ Մաքսային միությանը»,- ասել է Մինասյանը։
XS
SM
MD
LG