Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետ է ուղարկել ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող նախագիծը


Ոստիկանապետը հետ է ուղարկել համասեռականությանն առնչվող օրինագիծը
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Ոստիկանությունն այսօր հետ է ուղարկել ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող նախագիծը, որը օրերս էր ներկայացվել հասարակական քննարկման և անմիջապես բուռն քննադատական արձագանք առաջացրել սոցիալական ցանցերում։

Բանն այն է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու այս նախագծով, որը մշակել էր ոստիկանության իրավաբանական վարչությունը, առաջարկվում էր տուգանք նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է այսօր նախագիծը հետ կանչել ,նկատի ունենալով քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես նաև այն, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ:

Որպես ոչ ավանդական հարաբերությունների համար տուգանքի հիմնավորում, նախագծում վկայակոչված էր «հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը»: Այստեղ, մասնավորապես, ասվում էր, որ ինտեգրվելով եվրոպական արժեքներին` «մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ»: Պարզաբանելով այս միտքը, օրինագծի հեղինակները գրում են․ - «Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև` քարոզվում»: Օրինագծում, ի դեպ, առավել խիստ պատասխանատվություն էր առաջարկում «ոչ ավանդական սեռական հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցներով քարոզելու դեպքում»:

Ոստիկանությունը նախագիծը շրջանառության մեջ դնելու անհրաժեշտությունը մեկնաբանում է վերջին շրջանում ոստիկանապետին ուղղված մտավորականների, քաղաքացիների տասնյակ նամակներով, ովքեր բողոքում են Երևանի կոնկրետ վայրերում միասեռականների տարբեր գործողություններից, քարոզչությունից, ինչին ականատես են լինում նաև երեխաները։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք ընդամենը փորձում էին հասարակության բողոքող հատվածի և իրավական դաշտի միջև միջնորդ հանդիսանալով խնդիրը դնել հանրային քննարկման, որպեսզի լուծման ուղիներ գտնեն։

«Դա ամենևին չէր ենթադրում ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների նկատմամբ հետապնդում»,- ընդգծեց նա, չհամաձայնելով, որ գուցե նախագիծը հետ կանչվեց ճնշումների ներքո։

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը ընդդիմանում է օրենքի նախագծին: Կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են դրա հրապարակման առնչությամբ ահազանգել միջազգային կազմակերպություններին:

«Սա միանշանակ, Ռուսաստանի ստվերն է: Քանի որ Ռուսաստանի ստվերի տակ ենք ապրում, Ռուսաստանը երբ ինչ-որ օրենք է ընդունում, դա անմիջապես պետք է այստեղ ընդունվի», - մեկնաբանեց Հովսեփյանը, - «Ուղղակի այստեղ նաև այդ խաղի առաջ են հիմա կանգնած, որովհետեւ մի կողմից երկիրն ուզում է սիրուն երևալ Եվրոպայի համար, որպեսզի օգտվի Եվրոպայի բարիքներից՝ փողից, մյուս կողմից էլ պիտի նաև կատարի ռուսական պատվերները: Ռուսաստանում ընդունվեց այդ քարոզչությունն արգելող օրենքը, դրա հետևանքով արթնացան ֆաշիստական խմբերը, սկսվեցին սպանություններ, բռնաբարություններ, բռնություններ.. . այսինքն ֆաշիստական խմբերը մարդկանց բռնաբարում են, դա «ավանդական» է, կամ Հայաստանում տղամարդը կնոջը ծեծում է, ամեն ինչ անում է, դա շատ «ավանդական» է համարվում, բայց ուրիշ բաները ոչ ավանդական են»։

Բացի այդ, Մամիկոն Հովսեփյանի կարծիքով, նման օրինագիծ շրջանառության մեջ դնելը հետապնդել է կոնկրետ նպատակ, մանավանդ որ ձեւակերպումներն անհասկանալի են. - «Ոչ մի բացատրություն չկա «ավանդականի»: Շատերը հարցնում են՝ արդյո՞ք պետք է կամասուտրայի գրքի մեջ նշել, թե որ դիրքն է ավանդական, որը՝ ոչ։ Կամ ՝ քարոզչություն, ինչ նկատի ունեք քարոզչություն ասելով. կոնկրետ սահմանում, հստակեցում, ո՞նց ես քարոզում, վեր ես կենում կոնկրետ ելույթների ժամանակ ասում ես «այս սեքսն արեք, մյուսը մի՞ արեք»։ Այսինքն ոստիկանությունը դա կարող է օգտագործել ոնց կուզի, ոնց իրեն է հարմար, երբ պետք է, ում դեմ պետք է: Դա կարող են լինել իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, կարող են լինել ինչ-որ պաշտոնյաներ, որոնք իրենց հետ համամիտ չեն»։

Քաղաքացիական ակտիվիստ Սևակ Կիրակոսյանն էլ այս փուլում նախագիծը շրջանառության մեջ դնելու այլ դրդապատճառներ էր տեսնում. - «Ոստիկանությունը փորձում է ժողովրդի աչքին բարձրացնել իր հեղինակությունը: Մեկ այլ պատճառ՝ միգուցե նաև հասարակության ուշադրությունը շեղելու համար է սա արվում. գազի գնի բարձրացումից, երթուղայինների գնի բարձրացումից, ուսանողների վարձի բարձրացումից։ Եթե ունենք խոսքի ազատություն, արտահայտվելու ազատություն, ի՞նչ է նշանակում քարոզչություն է իրականացվում, կամ ինչ է նշանակում «ոչ ավանդական սեռական հարաբերություն»: Բնակչությանը պետք է ավանդաչափե՞ր բաժանեն, որ իմանան ինչն է ավանդական, ինչը ոչ»։

Որոշ կազմակերպություններ էլ ոստիկանության նախաձեռնությունը որակում են «կարևոր և անհրաժեշտ»։ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հայտարարություն է տարածել, որում անհամաձայնություն է հայտնել այն կարծիքներին, որ նախաձեռնությունը հակասում է մարդու հիմնարար ազատությունների մասին հռչակագրերին:

«Այդ /«ոչ ավանդական» / կենսաձևերով ապրել ոչ ոք՝ ոչ ոքի չի խանգարում։ Սակայն չէ՞ որ կան շատ մարդիկ, ովքեր չեն ուզում, որ այս կենսաձևերը հարկադրաբար «մատուցվեն» իրենց, հեռուստաէկրանների առաջ նստած իրենց երեխաներին։ Մի՞թե դա անհատի, երեխայի իրավունքների խախտում չէ։ Նրանք մոռանում են, որ այդ ի վերուստ տրված իրավունքներով օժտված են նաև այն մարդիկ, ովքեր կողմնակից չեն այդ «ոչ ավանդական» կենսաձևին»,- հայտարարում է կազմակերպությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG