Մատչելիության հղումներ

Մահացել է Վրեժ Իսրայելյանը


Վրեժ Իսրայելյանը «Ազատություն» ռադիոկայանի «Գրողը եւ իր իրականությունը» հաղորդաշարի հյուրն է, ապրիլ, 2011թ.
Վրեժ Իսրայելյանը «Ազատություն» ռադիոկայանի «Գրողը եւ իր իրականությունը» հաղորդաշարի հյուրն է, ապրիլ, 2011թ.

Ըստ շրջանառվող տեղեկությունների` 64-ամյա գրողը ինքնասպան է եղել: Ոստիկանությունը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հաստատում դա:

Քիչ առաջ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այսօր կեսօրին մոտ ստացված ահազանգին արձագանքելով` ոստիկանները Երեւանի Վաղարշյան 19/1 հասցեում հայտնաբերել են քաղաքացի Վրեժ Իսրայելյանի դին:

Հայտնի արձակագիր, դրամատուրգ, լրագրող Վրեժ Իսրայելյանը, ըստ տեղեկատվական կայքերում շրջանառվող տեղեկությունների, ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ:

Ոստիկանությունը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հաստատում այս տեղեկությունը, նշելով, որ հանգամանքները ճշտվում են:

Վրեժ Իսրայելյանը 64 տարեկան էր: Մասնագիտությամբ լրագրող էր` Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ: Խորհրդային տարիներին աշխատել է Հայաստանի Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր եւ ավագ խմբագիր, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես գրական աշխատող, «Սովետական Հայաստան» ամսագրում` որպես սփյուռքի բաժնի վարիչ:

1993-99 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրն էր, 1999-ից եղել է ՊՆ-ի լրատվության եւ քարոզչության վարչության պետը: Մի շարք մրցանակների դափնեկիր է:

Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ խոսել հնարավոր ինքնասպանության մասին, սակայն հավելեց, որ վերջերս Վրեժ Իսրայելյանի մոտ հայտնաբերվել էր թոքերի քաղցկեղ, եւ եթե ինքնասպանության վարկածը հաստատվի, չբացառեց, որ այն կարող է կապ ունենալ տվյալ հիվանդության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG