Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը այլեւս Սերժ Սարգսյանին ասելիք չունի


«Պարոն Սարգսյանը, եթե ինձ ասելիք ունի, թե ինչպես է ինքը պատրաստվում լուծել համապետական այս հիմնախնդիրը, ես պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, եւ ես կորոշեմ՝ ընդունել, թե մերժել», - ասում է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուն։

Արձագանքելով երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Վլադիմիր Պուտինի շնորհավորական խոսքին, որում Ռուսաստանի առաջնորդը մասնավորապես ասաց, թե Սերժ Սարգսյանը ավելի քան 60 տոկոս քվե է ստացել, Րաֆֆի Հովհաննիսյանը ռուսերենով հակադարձեց` պարոն Պուտինը սխալվում է:

«Ռազմավարական գործընկերությունը այդպես չի արվում։ Հայ ժողովուրդը պահանջում է իրական ռազմավարական հնարավորություն, որը հիմնված չէ ստի, կեղծիքի եւ վախի վրա, ժողովրդի ձայնը գողանալու վրա, այլ հենց ժողովրդի հետ պիտի լինի՝ իր եւ մեծ Ռուսաստանի համագործակցությամբ», - Ազատության հրապարակում կայացած ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Նախագահ Սարգսյանի հաջորդ արտասահմանյան ուղեւորությունը դեպի Բրյուսել է։ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հայաստանի նախագահի գլխավորած Հանրապետական, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունները անդամակցում են ԵԺԿ-ին: Կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը վաղը հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ, ավելի վաղ նա արդեն շնորհավորել էր Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Րաֆֆի Հովհաննիսյանը սուր քննադատության ենթարկեց Մարտենսին` չբացառելով, որ «Ժառանգությունը» կքննարկի անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը։

«Այս շտապողական գնահատականը տալով՝ ինքը խախտեց ԵԺԿ նախագահի իր գործառույթները», - կարծիք հայտնեց Հովհաննիսյանը, - «Եթե ԵԺԿ-ն պիտի գնա կեղծիքի ճամփով, «Ժառանգությունը» եւ ես ընդհանուր որեւէ բան չունենք ԵԺԿ-ի հետ»։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, Վիլֆրիդ Մարտենսը պետք է ոչ միայն վերանայի իր այս մոտեցումը, այլեւ իր գլխավորած կուսակցությանն անդամակցող մյուս կուսակցություններին պատասխան տա իր վարքի համար. - «Բայց մինչ այդ մենք բոլոր ջանքերը կնախաձեռնենք, որպեսզի ԵԺԿ-ն հավատարիմ մնա իր սեփական չափանիշներին եւ արժեքներին»։

Փակուղին իշխող Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն են ստեղծել, հայտարարեց ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն` պնդելով, որ այլեւս օրակարգում չեն Սերժ Սարգսյանին արված իր առաջարկները` ընտրությունների երկրորդ փուլ նշանակել, անցկացնել խորհրդարանական ընտրություններ եւ պատժել ընտրակեղծարարներին. - «Այդ երեք շեմերը մերժվեցին, եւ իմ դրվածքը հիմա այն է, որ օրակարգում որեւէ բան չկա, ես նոր առաջարկելիք չունեմ, եւ պարոն Սարգսյանը, եթե ինձ ասելիք ունի, թե ինչպես է ինքը պատրաստվում լուծել համապետական այս հիմնախնդիրը, ես պատրաստ եմ իրենից լսել իր առաջարկները, եւ ես կորոշեմ՝ ընդունել, թե մերժել»։

Այսօր վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ հրապարակի հարակից սրճարանում առանձնազրույց ունեցել ընդդիմադիր գործչի հետ: Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ոստիկանապետը հորդորել է իրեն այլ եղանակով շարունակել պայքարը։

Այսօր կայացած մեկ այլ` ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի հետ հանդիպման մասին Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ փակագծեր բացել, ասաց՝ հարգում է նրանց որոշումը չներկայացնել զրույցի մանրամասները:

«Ժառանգությունը» ուրբաթ օրը անցկացվելիք հանրահավաքում կհրապարակի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ։

72 ժամից ավելի հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանը իր առողջական վիճակը նորմալ է գնահատում։ Երկու տարի առաջ նա հացադուլը դադարեցրեց մարտի 30-ին՝ դստեր՝ Շուշիի ծննդյան օրը։ Այս անգամ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց` ստիպված է հեգնողներին, չարակամներին ուրախացնել. եթե լուծում չեղավ շատ ավելի երկար չի հրաժարվի պայքարի այս միջոցից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG