Մատչելիության հղումներ

Քալմի-Ռեյը խորհուրդ է տալիս 1915-ի դեպքերը թողնել պատմաբաններին


Միշլին Քալմի-Ռեյ, արխիվային լուսանկար
Միշլին Քալմի-Ռեյ, արխիվային լուսանկար
«1915 թվականի իրադարձությունների քննությունը պետք է թողնել պատմաբաններին: Հայաստանում եւ Թուրքիայում հարկավոր է ազատ բանավեճ ծավալել այս խնդրի շուրջ», - երկուշաբթի օրը Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյը:

Թուրքիայի մայրաքաղաք ժամանած Քալմի-Ռեյը մասնակցել է թուրք դեսպանների հերթական հավաքին, որի ընթացքում դիմելով թուրք դիվանագետներին` նա չի շրջանցել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված որոշումը:

Թուրքական թերթերի փոխանցմամբ` Շվեյցարիայի նախագահը նշել է. - «Ի տարբերություն Ֆրանսիայի` մեր երկրում չկա որեւէ հստակ օրենսդրական նորմ, ըստ որի այս կամ այն իրադարձությունը որակվի որպես ցեղասպանություն»:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահի այս պնդումը, սակայն, թուրք քաղաքական գործիչներից շատերին առնվազն տարօրինակ է թվացել, քանի որ աշխարհում առաջինը հենց Շվեյցարիան էր, որի դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Դեռ 2005 թվականին Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը շվեյցարական Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

2007 թվականի գարնանը շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց երկրի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթները խախտելու մեջ` նրան դատապարտելով 12 հազար շվեյցարական ֆրանկի տուգանքի:

Շվեյցարիայի նախագահը, սակայն, պնդում է, որ հոդվածը, որով դատապարտվել էր Փերինչեքը, պատիժ է սահմանում ցեղասպանություններն ու մարդկության դեմ կատարված հանցանքները, այլ ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Թուրքական քաղաքական շրջանակներին, սակայն, Քալմի-Ռեյի հայտարարությունները կարծես համոզիչ չեն թվացել:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Օսման Կորություրքը պատգամավորական հարցում է ուղղել կառավարությանը` փորձելով պարզել, թե ինչու է Անկարա այցելելու հրավեր ուղղվել մի պետության ղեկավարի, որտեղ քրեական պատիժ են կիրառում ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Թուրքիայի արտգործնախարարությունը փորձեց մեղմել Շվեյցարիայի նախագահի այցի առթիվ ծագած դժգոհությունները:

Արտգործնախարար Ահմեթ Դավութօղուն, երկուշաբթի օրը դիմելով թուրք դեսպաններին, հայտարարել է. - «Միշլին Քալմի-Ռեյը շատ մեծ աջակցություն ցուցաբերեց հայ - թուրքական բանակցությունների ժամանակ: Բացի այդ, նա միշտ դեմ է հանդես եկել իր երկրում ցեղասպանությանը վերաբերող օրինագծերի ընդունմանը»:

Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ Hurriyet-ին փոխանցել են, որ Անկարայում հստակորեն տարբերակում են Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները:

«Շվեյցարական կառավարությունը չաջակցեց Ֆրանսիայում ընդունված օրինագծին, իսկ Քալմի-Ռեյը քաղաքական այն գործիչն է, որը միշտ դեմ է հանդես եկել խորհրդարանում այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիայի հետ հարաբերություններին», - նշել է ինքնությունը հրապարակել չցանկացած թուրք դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG