Մատչելիության հղումներ

«Որպես տնտեսական-քաղաքական երեւույթ` Հարավային Կովկաս գոյություն չունի»


Թոմ դե Վաալ
Թոմ դե Վաալ
«Որպես այդպիսին` Հարավային Կովկաս այժմ գոյություն ունի միայն քարտեզի վրա որպես աշխարհագրական երեւույթ, սակայն որպես տնտեսական-քաղաքական երեւույթ` ցավոք սրտի, Հարավային Կովկաս գոյություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը։

Գնահատելով Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 20 տարիները Հարավային Կովկասի տարածաշրջանի համար` դե Վաալը նաեւ նշեց. - «Գոյություն ունեն երեք անկախ պետություններ, դե ֆակտո գոյություն ունեն նաեւ երեք անջատողական երեւույթներ` Աբխազիան, Հարավային Օսիան եւ Ղարաբաղը»։

«Պատկերը այնքան աղետալի չէ, որքան, ասենք, անցյալ դարի 15 կամ 20-ական թվականներին, սակայն եւ լավագույնը չէ, եւ տպավորությունն այնպիսին է, որ հիմնական աշխարհը առաջ է գնում, իսկ այս երեք երկրների դեպքում չի զգացվում, թե նրանք զարգանում են դինամիկ կերպով», - ընդգծեց փորձագետը։ - «Նույնիսկ Վրաստանում, որ թվում է` քայլեր է կատարում առաջ շարժվելու համար, դա չի զգացվում: Այս երկրներում մտովի դեռ ապրում են 90-ականների խնդիրներով, ողջ աշխարհում գլոբալիզացիոն երեւույթներ են տեղի ունենում, եւ այդ առումով այս երկրները փոքր-ինչ հետ են մնում»։

«Իսկ 20 տարիների ընթացքում փոխվե՞լ է արդյոք գերտերությունների ներկայությունը կամ ազդեցությունն այս տարածաշրջանում», - այս հարցին Թոմ դե Վաալը արձագանքեց. - «Առաջին հերթին, պետք է ասել, որ կայսերական նվաճումների դարաշրջանն անցել է, որ այլեւս չեն լինի Կովկասը գաղութացնելու փորձեր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի, Իրանի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից»:

«Բարեբախտաբար, այդ շրջանն անցել է, եւ ես չեմ տեսնում մեծ հարեւանների կողմից մեծ նկրտումներ Կովկասի նկատմամբ», - ասաց փորձագետը` մանրամասնելով. - «Ռուսաստանը, իհարկե, հետաքրքրված է Աբխազիայով, սակայն ժամանակակից Ռուսաստանի համար Հյուսիսային Կովկասը, Ուկրաինան ու Ղազախստանն ավելի կարեւոր եւ առաջնահերթ են: Իրանն այժմ իր ներքին խնդիրներով է զբաղված, Թուրքիան ավելի շուտ տնտեսական խաղացող է այս տարածաշրջանում, Միացյալ Նահանգները նույնպես այժմ բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու»:

«Ինձ համար գլխավոր հարցը Եվրամիությունն է։ Իհարկե, դեռ հարց է` եթե Եվրամիությունը կարողանա լուծել իր տնտեսական հարցերը եւ գործել որպես մեկ միություն, ապա կարո՞ղ է իրոք դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, սակայն այդ հեռանկարն էլ դեռ շատ հեռավոր է», - նշեց դե Վաալը` ամփոփելով. - «Այսինքն, այժմ կարելի է արձանագրել, որ Հարավային Կովկասի երեք անկախ պետությունները, մեծ հաշվով, պետք է ապրեն իրենց սեփական ռեսուրսներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG