Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյան. «Երկխոսության նպատակը կուսակցությունների ներուժի օգտագործումն է»


Պատգամավորներ Գագիկ Մինասյան (կենտրոնում) եւ Արծվիկ Մինասյան (աջ), 20 հուլիս, 2011
Պատգամավորներ Գագիկ Մինասյան (կենտրոնում) եւ Արծվիկ Մինասյան (աջ), 20 հուլիս, 2011
Ընդդիմության հետ բանակցելու նպատակով իշխանական կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի անդամ, հանրապետական Գագիկ Մինասյանի խոսքով` արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությամբ Հայաստանում սկզբնավորվում է քաղաքական կարեւորագույն մշակույթ, որի նպատակը կուսակցությունների ներուժի արդյունավետ օգտագործումն է:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` չորեքշաբթի օրը խորհրդարանում կայացած մամլո ասուլիսին Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ երկխոսության հաջողվելու դեպքում ներքաղաքական զարգացումները կհանգեցնեն ոչ թե առճակատումների, այլ` համադրումների:

«Եվ այդ ներուժի շնորհիվ կիրականացվեն ծրագրեր` ի շահ պետության եւ ժողովրդի: Սա չափազանց բարդ խնդիր է. Հենց այն հանգամանքը, որ որեւէ հետխորհրդային երկրում այս մշակույթը ձեւավորված չէ, արդեն խոսում է այն մասին, որ մենք լավ գիտակցենք, թե ինչպիսի լուրջ խնդիր ենք մենք ուզում լուծել», - ասաց Մինասյանը:

Նրա խոսքով` արեւմտյան երկրներում այդ մշակույթը վաղուց ձեւավորված է, անգամ ծայրահեղ հակառակ դիրքորոշումներ ունեցող ուժերն են այնտեղ երկխոսում, եւ այդ գործընթացն այդ երկրներում չի ենթադրում առճակատում:

«Մենք լիահույս եք, որ բարի կամքի եւ այս նպատակի գիտակցման գերակայության պարարգայում մենք կանենք քայլեր, որպեսզի այս նոր ինստիտուտը կյանքի կոչվի», - ասաց Մինասյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, մինչդեռ կարծում է, թե այս գործընթացը իշխանությունը որոշակի խմբերի մեջ կիսելու հեռահար նպատակ է հետապնդում: Նրա կարծիքով` իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունից հասարակությունը չի շահելու: Հարցին, թե երկխոսության համատեքստում Դաշնակցությունը իրեն մեկուսացվա՞ծ չի զգում, Մինասյանը պատասխանեց.- «Եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու մասին, բա ինչո՞ւ են երկուսով երկխոսում, ինչո՞ւ են օտարել մյուս ուժերին, ինչո՞ւ է ՀԱԿ-ը իր վարքագծով ցեխ շպրտում բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք փորձում են իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտել: Կամ ինչո՞ւ է իշխանությունը ամեն գնով փորձում ոչ ՀԱԿ-ական ընդդիմությանը մղել մի այնպիսի անկյուն, որպեսզի նսեմացնի նրա դերակատարությունը»:

«Ակնհայտ փաստ է, որ այս իրողությունը ձեռնտու է թե' իշխանությանը, թե' Հայ ազգային կոնգրեսին», - շարունակեց Մինասյանը եւ հիմնավորեց. - «Որովհետեւ երկու ուժերն էլ ձգտում են. մեկը` իշխանությունը պահելու եւ ինչ-որ տեղ որոշակի բան տալու, նաեւ ՀԱԿ-ն է այդպիսի վարքագիծ դրսեւորել: Հակառակ դեպքում երկրի միասնականության, ամբողջական ներուժի բացահայտման մասին մտահոգ ուժերը չէին առանձնանա եւ երկուսով չէին սկսի զրույցել` ընդհուպ նաեւ արտահերթ ընտրությունների մասին: Երկուսն էլ հասկանում են, չէ՞, որ արտահերթ ընտրություն չի կարող լինել, համենայնդեպս` խորհրդարանական»:

Մինասյանի կարծիքով, եթե արտահերթ ընտրություններից բացի երկխոսողները պետք է այլ հարցեր էլ քննարկեն, ապա դրանք նաեւ քաղաքական մյուս ուժերին են հետաքրքրում. - «Արտահերթ ընտրությունները, վստահաբար, ո'չ կբերեն աղքատության կրճատման եւ ո'չ էլ արտագաղթի կասեցման, ինչպես պնդում են ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Որովհետեւ իրենց իշխանության տարիներին է արտագաղթը հիմնավորվել մեր երկրում»:

Դաշնակցության ներկայացուցչի համոզմամբ` արտահերթ ընտրություններին միտված գործընթացները նաեւ դուրս են սահմանադրական շրջանակներից. - «Եթե այդ աստիճան ենք գնացել, նշանակում է իշխանությունն էլ, ՀԱԿ-ն էլ գնում են հակասահմանադրական ճանապարհով: Ուրեմն երկուսին էլ պետք է կա'մ հեռացնել, կա'մ բերել սահմանադրական ուղու վրա»:

Արձագանքելով այս պնդումներին` Գագիկ Մինասյանը ասաց, թե ամեն ինչ ընթանում է երկրի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

Նշելով, որ իրենք «վաղուց երկխոսում են» խորհրդարանական ընդդիմության հետ` ՀՀԿ-ի ներկայացուցիչը ասաց. - «Այս նոր հարթակի առանձնահատկությունն այն է, որ այդ հնարավորությունը ընձեռվի նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում ներկայացված չեն»:

Գագիկ Մինասյանի պնդմամբ` ստեղծված նոր հարթակը պետք է գործի նաեւ ապագայում` «արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսելու եւ հասարակական առճակատումներից խուսափելու համար»:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG