Մատչելիության հղումներ

Իշխանություն - ընդդիմություն երկխոսություն նաեւ Թուրքիայում


Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած անկախ պատգամավորների թափուր աթոռները նորընտիր խորհրդարանի երդման արարողության ժամանակ, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած անկախ պատգամավորների թափուր աթոռները նորընտիր խորհրդարանի երդման արարողության ժամանակ, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
«Երբ երկխոսության դռները բաց են, ամեն ինչ կարելի է լուծել», - այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության որոշմանը` խորհրդարանի աշխատանքների բոյկոտը դադարեցնելու վերաբերյալ:

Այսպիսով, 550-տեղանոց խորհրդարանում 135 մանդատ ունեցող ընդդիմադիր կուսակցության խորհրդարանականները երդում տվեցին, ինչը թույլ է տալիս նրանց պաշտոնապես ստանձնել պատգամավորական պարտականությունները:

Ավելի վաղ իշխող կուսակցությունը զգուշացրել էր խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր երկու ուժերին` Ժողովրդա-հանրապետական ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների ներկայացուցիչներին, որ եթե ընտրված պատգամավորները պաշտոնական երդում չընդունեն, նրանց լիազորությունները խորհրդարանում կդադարեցվեն:

Ժողովրդա-հանրապետականներն իրենց բոյկոտով բողոքում էին դատարանի մերժման դեմ` ազատ արձակել իրենց կուսակցության երկու կալանավորված պատգամավորներին` Մուսթաֆա Բալբային եւ Մեհմեթ Հաբերլանին, ովքեր ձերբակալվել են «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում:

Բոյկոտը դադարեցնելու որոշումը ընդդիմադիր կուսակցությունը կայացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ երկարատեւ բանակցություններից եւ համատեղ փաստաթղթի ստորագրումից հետո: Կողմերը պայմանավորվել են ընդունել համապատասխան օրենքներ, որոնք հնարավորություն կտան ազատ արձակել բանտում գտնվող պատգամավորներին եւ թույլ չեն տա նման իրավիճակների կրկնություն ապագայում:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի կարգավորման առիթով իր գոհունակությունն է հայտնել նաեւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը` հայտարարելով, որ սա այն է, ինչ իրենք ակնկալում էին: Նա, միեւնույն ժամանակ, հույս է հայտնել, որ ժողովրդա-հանրապետականների օրինակին կհետեւի նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը:

Քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սելահաթին Դեմիրթաշը, սակայն, հայտարարել է, թե իրենք ներգրավված չեն եղել իշխանություն - ընդդիմություն բանակցություններում, եւ որ հնարավոր է` իրենց պատգամավորները եւս խորհրդարանական երդումն ընդունեին եւ ստանձնեին իրենց պարտականությունները, եթե հրավիրված լինեին բանակցություններին:

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ կուսակցությանը հարող 36 անկախ պատգամավորներ են ընտրվել, 6-ը, սակայն, ներկայումս ազատազրկման մեջ են, եւ հենց նրանց ազատ ազատ արձակումն են իրենց բոյկոտով պահանջում քրդամետ պատգամավորները:

«Այս պատգամավորները ընտրվել են խորհրդարանի անդամ, ու չնայած դրան` «Արդարություն եւ զարգացում» ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունները մեզ իրենց խորթ են համարում, այն դեպքում, երբ մենք փորձում ենք բաց լինել երկխոսության համար եւ լուծել խնդիրը: Մինչեւ այս վերաբերմունքը չփոխվի, մենք չենք կարող երդումն ընդունել», - ասել է Դեմիրթաշը:

Անցյալ շաբաթ մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիրում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը իր խորհրդարանական խմբակցության առաջին նիստն է անցկացրել` կրկին պահանջելով ազատ արձակել իրենց կուսակիցներին եւ քուրդ փոքրամասնության իրավունքներն ընդլայնող փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

Կուսակցության խորհրդարանական խումբը հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր դիրքորոշումը չի փոխել, իրենք ամեն շաբաթ հավաքվելու են եւ շարունակելու են իրենց քաղաքական գործունեությունը այլընտրանքային` Քուրդիստանի մեջլիսի հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG