Մատչելիության հղումներ

Ռատկո Մլադիչը բոյկոտում է իր դատավարությունը


Նիդերլանդներ - Ռատկո Մլադիչը Հաագայի դատարանում, 3-ը հունիսի, 2011թ.
Նիդերլանդներ - Ռատկո Մլադիչը Հաագայի դատարանում, 3-ը հունիսի, 2011թ.
Երկուշաբթի օրը Հաագայի Միջազգային քրեական դատարանը շարունակելու է Ռատկո Մլադիչի դատավարությունը, սակայն բոսնիացի սերբերի նախկին հրամանատարը նախօրեին հայտարարել է, թե հրաժարվում է ներկայանալ դատարան:

Ինչպես «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հեռախոսով հայտնել է Մլադիչի պաշտպան Միլոշ Շալիչը, ամբաստանյալն ասել է, թե բոյկոտում է դատական նիստը, քանի որ վերջնականապես չի հաստատվել իր պաշտպանական խմբի կազմը:

Շալիչը հավելել է, որ Ռատկո Մլադիչը դատարանում կհայտնվի միայն այն դեպքում, եթե նրան ստիպեն, սակայն դա քիչ հավանական է:

Մլադիչը դատարանից պահանջում է թույլ տալ, որ ինքը ընտրի իր պաշտպաններին:

Դատարանի ներկայացուցիչ Ներմա Ելաչիչի խոսքով, սակայն, դատարանը դեռեւս որեւէ պաշտոնական տեղեկություն չի ստացել այն մասին, որ Մլադիչը չի գալու դատարան:

Ռատկո Մլադիչի որդին` Դարկո Մլադիչը ժամանել է Հաագա եւ հորն է փոխանցել այն փաստաբանների ցուցակը, ովքեր պատրաստ են պաշտպանել նրան: Ռատկո Մլադիչը որպես պաշտպաններ ընտրել է սերբ Միլոշ Շալիչին եւ ռուսաստանցի Ալեքսանդր Միզյաեւին, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հաագա ժամանելու համար Դարկո Մլադիչը հատուկ թույլտվություն է ստացել Նիդերլանդների իշխանություններից: Նման թույլատվությունը անհրաժեշտ է, քանի որ Եվրամիությունը դեռ չի վերացրել Մլադիչի ընտանիքի անդամների նկատմամբ սահմանված` Միության տարածք մուտք գործելու արգելքը:

Ռատկո Մլադիչը, ով արդարադատությունից թաքնվում էր շուրջ 16 տարի, ձերբակալվել է այս տարվա մայիսի վերջին Սերբիայում` մայրաքաղաք Բելգրադից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գյուղում:

Նա մեղադրվում է պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններում, այդ թվում եւ` 1990-ականների կեսերին ցեղասպանություն իրականացնելու, մասնավորապես` Սրեբրենիցա քաղաքում 1995 թվականի հուլիսին 8 հազար մահմեդականների կոտորածի մեջ:

Դատական նախորդ նիստի ընթացքում Ռատկո Մլադիչը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իրեն առաջադրված մեղադրանքները որակել է «անտանելի եւ հրեշավոր» ու հայտարարել է, որ պաշտպանել է իր երկիրն ու ժողովրդին: Նա հավելել է, որ ցանկանում է ապրել եւ իրեն ազատ մարդ տեսնել:

Մինչդեռ Բոսնիա եւ Հերցեգովինայում սերբերի նախկին նախագահ Բիլյանա Պլավշիչը, ով արդեն իսկ կրել է իր պատիժը մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար, կոչ է արել Մլադիչին խոստովանել եւ սերբ ժողովրդի վրայից հանել մեղքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG