Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանում Իրանի խորհրդարանի նախագահը


Ալի Լարիջանի, արխիվային լուսանկար
Ալի Լարիջանի, արխիվային լուսանկար
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հինգշաբթի օրը ժամանում է Ադրբեջան:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանատնից, Լարիջանին հուլիսի 1-ին կայցելի ադրբեջանական պետության նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի շիրմին, այնուհետեւ պաշտոնական հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի եւ այլ պաշտոնյաների հետ:

Սա Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին այցն է Ադրբեջան: Անցյալ տարի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահն այցով եղել Է Իրանում:

Այցի նախօրեին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Ալի Լարիջանին բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու գործակցությունը: Նա նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջեւ մի շարք համաձայնագրեր են կնքված, եւ հավելել է, որ հնարավոր է այս հանդիպման ընթացքում եւս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր համաձայնագրեր ստորագրվեն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամության մասին Իրանի հայտարարություններին` Լարիջանին ասել է, որ ինչպես եւ նախկինում, իրենք այժմ էլ կրկնում են, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի ներսում բանակցություններ վարելու միջոցով: Փորձը ցույց է տալիս, որ երբ այդպիսի հակամարտություններում միջամտում են մեծ երկրները, հակամարտությունը ձգձգվում է. նրանք իրենց նպատակներն ունեն այդ հարցում:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը արդեն երկար տարիներ վարում է Լեռնային Ղարաբաղի հհակամարտության կարգավորման բանակցությունները: Ի՞նչ արդյունքի են նրանք հասել», - հարցնում է Լարիջանին` շարունակելով, թե իրենք հիմնավորված կարծում են, որ այս կարգի հակամարտությունների լուծմանը ուղղված բանակցությունները արդյունավետ կարող են լինել, միայն եթե անցնում են տարածաշրջանի ներսում, քանի որ նույն տարածքի երկրները ավելի լավ կարող են միմյանց հասկանալ: Ըստ «Թրենդ»-ի` նա եզրափակել է, թե իրենք պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափին հավատարմության մասին:

Իրանի խորհրդարանի խոսնակը կարեւորել է նաեւ Թուրքիայի դերը տարածաշրջանում` նշելով, թե Թուրքիան, ինչպես եւ Ադրբեջանը, Իրանի համար եղբայրական երկիր է:

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, որը դարձել է արեւմտյան մի շարք պետությունների հետ հարաբերությունների լարման պատճառ, Ալի Լարիջանին ասել է, որ խնդիրը տեսնում է ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակման քաղաքականություն վարելու մեջ:

Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները մտահոգություն են հայտնում, որ Իրանը խաղաղ ատոմի ծրագրերի քողի տակ ատոմային ռումբ ստեղծելու փորձեր է անում, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG