Մատչելիության հղումներ

Թուրքիայի նոր խորհրդարանի առաջին նիստը անցավ կիսադատարկ դահլիճում


Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած պատգամավորների թափուր աթոռները խորհրդարանում, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
Թուրքիա - Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության սատարած պատգամավորների թափուր աթոռները խորհրդարանում, Անկարա, 28-ը հունիսի, 2011թ.
Թուրքիայի նորընտիր խորհրդարանի` երեքշաբթի օրը կայացած առաջին նիստն անցավ կիսադատարկ դահլիճում: Խորհրդարանում ներկայացված քաղաքական չորս ուժերից երկուսը` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ու քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունները որոշեցին բոյկոտել պատգամավորների երդման հանդիսավոր արարողությունը:

Պատճառը թուրքական դատարանի որոշումն էր, որի համաձայն` Ժողովրդա-հանրապետական կուսակցության եւ քրդամետ կուսակցության պատգամավորներից մի քանիսը զրկվել են մանդատներից: Դատարանն իր այս որոշումը պատճառաբանել է այն իրողությամբ, որ այս նորընտիր պատգամավորներն ազատազրկման մեջ են գտնվում:

Ընդդիմադիրները պնդում են, որ սա թուրքական օրենքների կոպիտ խախտում է, քանի որ ազատազրկման մեջ գտնվող, բայց դեռեւս չդատապարտված ցանկացած անձ խորհրդարան մուտք գործելու դեպքում ավտոմատ կերպով սկսում է օգտվել պատգամավորական անձեռմխելիությունից:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ խորհրդարան կվերադառնա, երբ իր երկու ազատազրկված պատգամավորներին` Մեհմեթ Հաբերալին ու Մուսթաֆա Բալբային, որոնք մեղադրվում են «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցին օժանդակելու մեջ, կվերադարձնեն պատգամավորի մանդատները:

Քրդական կուսակցության համար էլ առանցքային է Մեհմեթ Հաթիփ Դիջլեի մանդատի խնդիրը: Այս գործչին մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հետ ունեցած կապերի համար:

«Այն, ինչ կատարվում է, շատ սխալ է: Երբ 2003-ին իսլամիստները վարչապետի պաշտոնում առաջադրեցին Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը, մենք չընդդիմացանք դրան, թեեւ նա դատվածություն ուներ: Այսօր, սակայն, այդ նույն վարչապետը խորհուրդ է տալիս մեզ ավելի ուշադիր կերպով թեկնածուներ ընտրել», - հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները ի նշան բողոքի ավելի կտրուկ մեթոդների դիմեցին: Երկրի գրեթե բոլոր քրդաբնակ շրջաններում վերջին օրերին բողոքի հուժկու ակցիաներ էին կազմակերպվել:

Լոնդոնում գործող Chatam House վերլուծական կենտրոնի Թուրքիայի հարցերով փորձագետ Ֆադի Հաքուրան, սակայն, քիչ հավանական է համարում, որ քրդական կուսակցության բոյկոտը զինված պայքարի նոր փուլի սկիզբ ազդարարի:

«Ես ենթադրում եմ, որ հակամարտության բնույթը զգալիորեն կտարբերվի 90-ականներին տեղի ունեցած իրադարձություններից: Առավել հավանական է, որ քրդերի զանգվածային մոբիլիզացիայի ականատեսը դառնանք: Նախընտրական շրջանում մենք տեսանք, որ քրդերի այս մարտավարությունը շատ արդյունավետ էր: Քրդամետ թեկնածուներից յոթին ընտրական մարմինները հրաժարվեցին գրանցել եւ միայն զանգվածային ցույցերից հետո ստիպված եղան վերանայել այս որոշումը», - նկատում է լոնդոնցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG