Մատչելիության հղումներ

Ալիեւի դուստրերը` առաջատար բջջային օպերատորի սեփականատերեր


Ադրբեջան – (Ձախից աջ) Նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան, Բաքու, 20-ը հուլիսի, 2010թ.
Ադրբեջան – (Ձախից աջ) Նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան, Բաքու, 20-ը հուլիսի, 2010թ.
Կասպյան եվրոպական ինտեգրման գործարար ակումբը, որի պատվավոր նախագահը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւն է, բջջային կապի տարվա օպերատոր է ճանաչել «Ազերֆոն» ընկերությանը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի նախագահը հեղինակավոր այդ կոչումը շնորհել է իր դուստրերին` 25-ամյա Լեյլային եւ 22-ամյա Արզուին պատկանող ընկերությանը:

«Ազերֆոնը» Բաքվի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից է, որը հիմնադրվելով 2007 թվականի մարտին` արդեն իսկ 1.7 միլիոն բաժանորդ ունի եւ 3G կապի միակ պրովայդերն է:

Թե ովքեր են ընկերության սեփականատերերը` չի բացահայտվում. նրանց մասին տեղեկությունը պատված է գաղտնիության շղարշով:

«Ազերֆոն» ընկերության մամուլի քարտուղարը հրաժարվել է տեղեկություն տրամադրել իր բաժնետերերի մասին:

Հարկային ծառայություններից ստացված փաստաթղթերում նշված է, թե ընկերության սեփականատերերը Պանամայում եւ օֆշորային Կարիբյան կղզիներում գրանցված մի քանի ընկերություններ են, ինչպես նաեւ պետական «Ազտելեկոմը»:

Պանամայի պետական ռեգիստրի տրամադրած տվյալներից պարզվել է, որ ընկերություններից երկուսի տնօրենը Իլհամ Ալիեւի ավագ դուստր Լեյլա Ալիեւան է, իսկ երրորդինը` Ադրբեջանի նախագահի կրտսեր դուստրը` Արզու Ալիեւան:

Չնայած Ադրբեջանում 2005 թվականից գործող օրենքի համաձայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները, այդ թվում նաեւ նախագահը, պարտավոր են տեղեկություն ներկայացնել իրենց եւ իրենց մերձավորների ունեցվածքի մասին, Իլհամ Ալիեւը «Ազերֆոնի» մասին երբեւէ հրապարակայնորեն որեւէ տեղեկություն չի ներկայացրել:

Ադրբեջանի Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի ղեկավար Ռովշան Աղաեւն ասում է, որ «Ազերֆոնը» շուկայում հայտնվել է օրենսդրական խախտումներով. ընկերությունը լիցենզիա ստանալու համար պետք է մասնակցեր տենդերի, սակայն կապի նախարարությունը «Ազերֆոնին» լիցենզիա է տրամադրել առանց մրցույթի: Բացի այդ, ընկերությունը մենաշնորհային դիրք ունի 3G կապի տրամադրման շուկայում: «Ազերֆոնի» մրցակից «Ազերսելը», որը կրկնակի շատ բաժանորդ ունի, քանիցս դիմել է կապի նախարարություն` 3G կապի լիցենզիա ստանալու համար, սակայն մերժում է ստացել:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը եւ Washington Post-ը պարզել էին, որ Ալիեւների երեխաները 75 միլիոն դոլարի գույք ունեն Դուբայում, ընդ որում, Ալիեւի անչափահաս որդուն են պատկանում 44 միլիոն դոլար արժեքով 9 շքեղ առանձնատներ:

«Ազատություն» ռադիոկայանի ավելի վաղ արված հետաքննությունը պարզել էր, որ Ալիեւների ընտանիքը ներգրավված է բազմաթիվ շահավետ բիզնեսներում, Ադրբեջանի նախագահի կինն ու աղջիկները մի քանի խոշոր բանկեր են տնօրինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG