Մատչելիության հղումներ

Թուրքիայի նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է սկանդալային ընթացք ստանալ


Թուրքիա - Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվային լուսանկար
Թուրքիա - Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվային լուսանկար
Թուրքիայի նորընտիր խորհրդարանը երեքշաբթի օրը անդրանիկ նիստն է գումարելու: Սակայն խորհրդարանում երդման արարողությունը սպառնում է սկանդալային ընթացք ստանալ, քանի որ առաջին նիստը բոյկոտելու մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները` բողոքելով, որ դատարանը մերժել է ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, առաջին անգամ երկրի պատմության ընթացքում նորընտրիր Մեջլիսը պատրաստվում է իր աշխատանքը սկսել պատգամավորների բոյկոտի պայմաններում:

Երկրի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել ընդդիմությանը ներկա գտնվել նիստին եւ ընդգծել է, որ խորհրդարանը լավագույն վայրն է խնդիրները բարձրաձայնելու եւ դրանք հարթելու համար:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, այդուհանդերձ, հայտարարել է, որ իր վերջնական որոշումը կհայտնի նիստի մեկնարկից անմիջապես առաջ:

Կուսակցությունը սպառնում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները իր երկու անդամների` Մուսթաֆա Բալբայի եւ Մեհմեդ Հաբերալի ձերբակալության պատճառով, որոնք մանդատ են ստացել հունիսի 12-ի ընտրությունների արդյունքում:

Այս ձերբակալությունները կատարվել են «Էրգենեկոն»-ի աղմկահարույց գործի շրջանակներում: Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը չի մասնակցի երդման արարողությանը, քանի դեռ դատախազությունը կոնկրետ քայլեր չի իրականացրել Բալբային եւ Հաբերալին ազատ արձակելու գործում: Բացառություն կարվի միայն Օքթայ Էքշիի համար, ով խորհրդարանում ամենատարեց պատգամավորն է եւ, ըստ կանոնակարգի, մինչ նոր խորհրդարանական ղեկավարության ընտրությունը վարելու է առաջին նիստը:

Կուսակցությունը հույս ունի, որ վերաքննիչ դատարանը իրենց բողոքը կընդունի. այդ դեպքում նրանք կմասնակցեն երդման արարողությանը:

Թուրքիայում նորընտիր խորհրդարանի աշխատանքնրեը բոյկոտելու մասին հայտնում են նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, պատճառը իրենց կուսակիցներից մեկին` Հաթիփ Դիջլեին պատգամավորական մանդատից զրկելն էր այն հիմքով, որ նա ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարի ութ ամիս բանտարկության:

Խորհրդարանի աշխատանքների բոյկոտը կարող է հանգեցնել մասնակի արտահերթ ընտրությունների: Վերլուծաբանների կարծիքով` հենց դրան է ձգտում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը Սահմանադրությունը միանձնյա փոփոխելու համար խորհրդարանում միայն մի քանի տեղ չի բավականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG