Մատչելիության հղումներ

«ժառանգություն»-ը կշարունակի խորհրդարանական աշխատանքի մասնակի բոյկոտը


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը (աջից) եւ Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը (աջից) եւ Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, կշարունակի խորհրդարանական գործունեության մասնակի առկախման տեսքով իրականացվող բողոքի գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ նպատահարմար չի գտնի վերանայել այդ որոշումը:

Հիշեցնենք, փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման կապակցությամբ նախ իր անհամաձայնությունը հայտնեց «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա խմբակցությունը եւս որոշեց խորհրդարանական գործունեության մասնակի առկախման միջոցով բողոք արտահայտել:

Ընդդիմադիր խմբակցությանը բողոքի գործողության էր դրդել այն հանգամանքը, որ, ինչպես ձեւակերպեց Արմեն Մարտիրոսյանը` առանց այդ էլ խորհրդարանի կեղծված կազմի պարագայում, երբ ընդամենը փոքրիկ մի ընդդիմություն է ներկա այնտեղ, կոալիցիոն նոր հուշագրով ամրագրվեց ոչ միայն համամասնությունը պահպանելու, այլեւ է'լ ավելի ընդլայնելու մտադրությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ խմբակցության անդամները չեն մասնակցում միայն նիստերին, իսկ իրենց մյուս պարտականություններն իրականացնում են ամբողջ ծավալով:

«Ժառանգության» այս դեմարշի շրջանակներում, հիշեցնենք, կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 15-օրյա հացադուլ անցկացրեց Ազատության հրապարակում:

Հարցին, թե այդ բողոքի գործողությունները որքանով ծառայեցին իրենց նպատակին եւ ինչ տվեցին, Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. - «Կարծում եմ, որ որոշակի հաջողության հասանք այն առումով, որ հասարակությունը արձագանքեց մեր այս քայլին: Բարեբախտաբար, որեւէ ընտրող, «Ժառանգության» որեւէ համակիր դեռ չի ասել` ինչու այդ քայլը կատարեցիք: Որովհետեւ այս 4.5 տարիների ընթացքում խմբակցության մասնակցությունը պառլամենտին այնքան ակտիվ էր, որ ամեն ինչ պարզ էր, որ սա ոչ թե փախուստ է աշխատանքներից, այլ ընդհակառակը` առավել ակտիվ աշխատանքների սկիզբ է»:

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ազդել են արդյոք «ժառանգության» բողոքի գործողությունները խորհրդարանի գործունեության վրա, արձագանքեց. - «Պատմությունը ցույց է տալիս, որ բոյկոտից տուժում են հենց այն ուժերը, որոնք նախաձեռնում են բոյկոտը: Չեմ կարծում, որ հիմա բոյկոտը լավագույն միջոցն է, մանավանդ, որ այդ բոյկոտը կիսառ-պռատ բնույթ է կրում»:

Արմեն Մարտիրոսյանը, «չափազանց բարդ» գնահատելով Հայաստանում ստեղծված ներկայիս կացությունը` չբացառեց, որ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ որոշակի համախմբման գործընթացներ` չստակեցնելով, սակայն, թե ինչ ձեւաչափերի մեջ դրանք տեղի կունենան:
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG