Մատչելիության հղումներ

Եվրոպական մի շարք քաղաքներում անցկացվում է «Տրանսկովկասիա» փառատոնը


Տեսարան Պրահայից
Տեսարան Պրահայից
Այս շաբաթվա ընթացքում` հունիսի 20-24-ը, եվրոպական մի շարք քաղաքներում անցկացվում է «Տրանսկովկասիա» փառատոնը` արդեն 5-րդ անգամ:

Այն մեկնարկել է 2004 թվականին, 2005 թվականից անցկացվում է երկու տարին մեկ անգամ եւ հակամարտություններով հարուստ Հարավային Կովկասի երկրների արվեստագետների համար հանդիպելու եւ մտքեր փոխանակելու հարթակ դառնում:

Փառատոնը լեհական նախաձեռնություն է եւ ավանդաբար անցնում է Վարշավայում: Այս տարի, սակայն, դրա աշխարհագրությունն ընդլայնվել է` բացի Վարշավայից, համերգներ, ցուցադրություններ, քննարկումներ են անցնում նաեւ Դրեզդենում, Վիեննայում եւ Պրահայում:

Պրահայում հարավկովասյան երկրների արվեստագետները անցկացրին միայն մի քանի ժամ` ինքնաթիռների թռիչքների միջեւ ընկած ժամանակահատվածը, Վարշավա ուղեւորվելու ճանապարհին:

Հայաստանում Ժամանակակից արվեստի համադրող Եվա Խաչատրյանը, որը Վահրամ Աղասյանի, Գեորգի Վանյանի եւ «Արթլաբ» ստեղծագործական խմբի հետ «Տրանսկովկասիա» փառատոնի մասնակիցներից է, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ցավոք սրտի, ժամանակն է շատ կարճ, ֆինանսական խնդիրների պատճառով մենք կարող ենք այստեղ մի քանի ժամով ընդամենը կանգ առնել, ծանոթանալ ինչ-որ մարդկանց հետ, կիսվել մեր գաղափարներով, կարծիքներով»:

Ալենա Բոյկան Պրահայում հարավկովկասյան երկրների արվեստագետների այս հանդիպման կազմակերպիչներից է, ասում է` իհարկե, ժամանակը սուղ էր, սակայն քննարկումն ավելի լայն է, քան զուտ արվեստի միջոցառումը. - «Ցանկանում էի, որ մարդիկ, որ հետաքրքրված են Կովկասով, հնարավորություն ունենային հանդիպել մարդկանց հետ, հարցեր ուղղել, իմանալ ինչ-որ բան այդ երկրներում ժամանակակից արվեստի, սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի մասին եւ ուղղակի ինչ-որ պատկերացում կազմել, պարզ է, որ երկու ժամվա ընթացքում շատ բան չես իմանա, սակայն` գոնե ինչ-որ կերպ շոշափել հարցը»:

Այս անգամ հակամարտությունների խնդիր ունեցող երկրների արվեստագետները միմյանց հետ հանդիպում են այն օրերին, երբ տեղի է ունենալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այս առումով, «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվեց արվեստագետներից, թե որքանով են իրենց ներգրավված համարում հակամարտության լուծմանը նպաստող գործընթացներում:

Եվա Խաչատրյանն ասաց, որ թեեւ շատ ուրախ է հանդիպումների նման առիթների համար, քանի որ դրանք թույլ են տալիս մեկմեկու ավելի լավ ճանաչել, սակայն կարծում է նաեւ, որ հանդիպումների նախաձեռնություն պետք է դրսեւորեն երկու երկրների արվեստագետներն անմիջականորեն:

Թարլան Գորչուն` Ադրբեջանում խամաճիկների թատրոնի ղեկավարը եւ «Տրանսկովկասիա» փառատոնի կազմակերպիչներից մեկը, ասաց, որ այս փառատոնի մասին խոսելով անհնար է խուսափել հակամարտությունների թեմայից: Նա հավելեց, որ իրեն խիստ մտահոգում է այն իրավիճակը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է ստեղծվել, դա մեծ վնաս է հասցնում երկու երկրներին էլ:

«Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենց ակտիվությունը կարող է ինչ-որ չափով կարող է օգտակար լինել հարթելու իրավիճակը, սակայն պետք չէ ինքնախաբեությանը տրվել, թե միայն արվեստի եւ մշակույթի լեզվով կարող ենք իրավիճակը հարթել: Մենք կարող ենք, հնարավոր է, մեր օրինակով ազդել մեծ թվով սովորական մարդկանց վրա ու նաեւ մեր ղեկավարների գիտակցության վրա, որոնք կարող են իրոք ազդել իրավիճակի փոփոխության վրա», - նշեց Գորչուն:

«Որպես արվեստագետ` ի՞նչ ակնկալիքներ ունեք Կազանում սպասվող հանդիպումից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Թարլան Գորչուն պատասխանեց, որ յուրաքանչյուր այսպիսի հանդիպման հետ մեծ հույսեր է կապում, եւ հավելեց, որ 21-րդ դարում գլոբալիզացիան այլընտրանք չունի, եւ այլեւս երկրները միայնակ չեն կարող լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները` ո'չ բնապահպանական, ո'չ սոցիալական եւ քաղաքական:

Հարցին, թե ինչ ապագա է տեսնում տարածաշրջանի համար, Թարլան Գորչուն արձագանքեց, որ հենց այդ հարցն է առաջարկել դարձնել հաջորդ` 2013 թվականի «Տրանսկովկասիա» փառատոնի թեման, եւ շարունակեց. - «Ցանկանում եմ, որ այսպիսով մենք` արվեստի մարդիկ, անենք առաջին քայլն ու ցույց տանք հաջորդ փառատոնին, թե ինչպես ենք պատկերացնում երեք երկրների համատեղ գոյակցությունը: Անձամբ ես կցանկանայի, որ դա լիներ ինչ- որ կոնֆեդերացիայի տեսքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG