Մատչելիության հղումներ

Մայքլ ՄըքՖոլը` ռուս - ամերիկյան հարաբերությունների վերբեռնման քաղաքականության մասին


Մայքլ ՄըքՖոլ
Մայքլ ՄըքՖոլ
«Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը հարցազրույց է վերցրել Միացյալ Նահանգների նախագահի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով հատուկ խորհրդական Մայքլ ՄըքՖոլից, ում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Մայքլ ՄըքՖոլը անդրադարձել է Ամերիկայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերբեռնման քաղաքականությանը, որի նախաձեռնողն է համարվում նա:

Մասնավորապես` ՄըքՖոլը խոսել է հունիսի սկզբին մարդու իրավունքների վերաբերյալ ռուս - ամերիկյան վերջին բանակցություններից, որոնց ընթացքում անդրադարձ է եղել մամուլի ազատության եւ կոռուպցիայի խնդիրներին:

Հանձնախումբը ստեղծվել է երկու տարի առաջ` ռուս - ամերիկյան հարաբերությունների վերբեռնման քաղաքականության շրջանակներում, ամերիկյան կողմի ղեկավարն է Մայքլ ՄըքՖոլը, իսկ ռուսական կողմինը` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը:

Համաժողովի ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ Սերգեյ Մագնիտսկու հարցին` ռուսաստանցի իրավաբան, ով մահացել է 2009 թվականին բանտում, երբ հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել:

«Մենք շատ երկար քննարկում ունեցանք Մագնիտսկու գործի վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մասնավորապես` ամենասուր հարցերն ենք բարձրացրել պարոն Սուրկովի եւ Ռուսաստանի կառավարության այլ անդամների առջեւ», - պատմել է ՄըքՖոլը:

Համաձայնելով, որ Մագնիտսկու մահը ողբերգություն է, Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ այժմ ընթացող բարեփոխումները նպատակ ունեն կանխել նման դեպքերի կրկնությունը:

Սակայն ՄըքՖոլն ասում է, որ քննարկման որոշ մասնակիցների համար այս հավաստիացումները բավարար չեն եղել. - «Քննարկումների մասնակիցների մի մասը ակտիվ հակազդում էր, թե մի բան է այս հարցի շուրջ ինչ-որ նոր օրենքներ մշակել, սակայն մարդիկ, ովքեր պատասխանատու են ոճրագործության համար, չեն պատժվել: Դա ծավալուն քննարկում էր, եւ բավական մեծ անհամաձայնություն կար կոնկրետ այս պատմության հետ կապած»:

Օբամայի վարչակազմի նախաձեռնած վերբեռնման քաղաքականությունը, որը նպատակ ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, արժանանում է ե'ւ դրվատանքի, ե'ւ քննադատության:

Դրա կողմնակիցները ասում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն արդեն իր պտուղներն է տվել` մի քանի ուղղությամբ Ռուսաստանի հետ դիվանագիտական համագործակցությունն ավելի է սերտացել, մասնավորապես` Լիբիայում ռազմական միջամտության, Իրանի միջուկային ծրագրի եւ Աֆղանստանին տեխնիկական աջակցության հարցերում:

Ընդդիմախոսները քննադատում են վերբեռնման քաղաքականությունը Ռուսաստանին չափազանց հաճոյանալու համար: Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը, մասնավորապես, կոշտ քննադատության է ենթարկում Ռուասատանի նկատմամբ Սպիտակ տան վարած քաղաքականությունը` իրատեսության բացակայության համար:

Իր կողմից ՄըքՖոլը, շեշտելով հանդերձ, որ առկա է կառուցողական համագործակցություն երկու կողմերի միջեւ, մատնանշել է նաեւ մի քանի նշանակալի տարաձայնություններ:

«Մենք նաեւ բավական անկեղծ քննարկում ենք ունեցել այն մասին, թե ինչ դեր կարող է կամ պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը` կոռուպցիայի դեմ պայքարելու համար, եւ այն մասին, թե ինչ դեր պետք է խաղան լրատվամիջոցները, եւ որ լրատվամիջոցները կոռուպցիայի դեմ պայքարի եւ կառավարությունում կոռուպցիոն երեւույթների բացահայտման անհրաժեշտ եւ թերեւս ամենաարդյունավետ միջոցն են», - ասել է նա:

«Ակնհայտորեն, Ռուսաստանի կառավարությունը շատ քայլեր պետք է կատարի, եթե նրանք իրոք լրջորեն են տրամադրված, եւ անցյալ շաբաթ մեր հանդիպման ընթացքում դա նրանց հստակ ասվել է», - հավելել է ՄըքՖոլը:

Լրատվական դաշտն ուսումնասիրող կազմակերպությունները փաստում են, որ կոռուպցիան իր գրեթե բոլոր դրսեւորումներով նախկինի պես խորը արմատներ ունի Ռուսաստանում: Տարիների ընթացքում խոսքի ազատությունը կայուն կերպով սահմանափակվում է, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենավտանգավոր երկիրը լրագրողների համար:

Չնայած խնդրի մասշտաբին, ՄըքՖոլը պնդում է, որ այս բանակցությունները դեռ կարող են դերակատարություն ունենալ` օգնել կառավարությանը ավելի լավ պետական քաղաքականություն մշակելու հարցում: Նա, սակայն, հավելում է, որ այս քննարկումները միայն մի մասն են կազմում ամերիկյան առավել լայնամասշտաբ ջանքերի` Ռուսաստանում մարդու իրավունքները զարգացնելու հարցում:

Հարցին, թե ինչպես է գնահատում բանակցությունների արդյունքները, ՄըքՖոլը պատասխանել է. - «Ես կարծում եմ` գնահատողն ու դատավորը պետք է լինեն Ռուսաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG