Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացին:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում առաջընթաց գրանցվի, Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանի իշխանությունը ունի քաղաքական կամք ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջ շարժվելու, եւ իրենք հասկանում են, որ դա հեշտ չէ:

«Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարի մասին Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Երեւանը պատրաստ է հարաբերությունները բարելավել հարեւան երկրների հետ առանց նախապայմանների: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ նույն կերպ վարվել», - ասել է Հայաստանի վարչապետը։ - «Հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու խնդիրը միայն Հայաստանինը չէ։ Թուրքիայի քաղաքական կշիռը միայն կավելանա, եթե Անկարան հետեւի խաղի միջազգային կանոններին: Անկարան պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին: Եվ այդ դեպքում մենք դյուրությամբ կկարողանանք կայուն հարաբերություններ հաստատել մեր հարեւան երկրի հետ»:

Խոսելով Հայաստանի տնտեսության մասին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ճգնաժամը Հայաստանում մեծապես պայմանավորված էր նրանով, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր: Իսկ հակաճգնաժամային քայլերը երեք ուղղությամբ են իրականացվել` տնտեսության դիվերսիֆիկացում, ենթակառուցվածքների եւ բիզնես միջավայրի բարելավում:

«Հայաստանի արտահանումը 2000 թվականին կազմում էր համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, իսկ այժմ միայն 12 տոկոսն է կազմում», - լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետ Սարգսյանն ասել է. - «Ցավոք սրտի առեւտրային հաշվեկշիռը դեռ բացասական է, այսինքն` Հայաստանը ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, արտահանման խթանումը շարունակում է մնալ գլխավոր խնդիրը, իսկ այժմ Հայաստանի արտահանումը երեք ոլորտում է` հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ եւ տուրիզմ»:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Հայաստանի տնտեսության մեջ մեծ է Սփյուռքի դերը:

«Ֆինանսական հոսքերը Սփյուռքից Հայաստան են գալիս ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների, այլեւ մասնավոր դրամական փոխանցումների տեսքով, ինչը օգնել է Հայաստանին հաղթահարել ճգնաժամի հետեւանքները», - CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG