Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական պատերազմի մասին հոլիվուդյան ֆիլմը ներկայացվեց հանրությանը


Էնդի Գարսիան Միխեիլ Սահակաշվիլիի դերում` Վրաստանի նախագահի նստավայրում
Էնդի Գարսիան Միխեիլ Սահակաշվիլիի դերում` Վրաստանի նախագահի նստավայրում
Երկուշաբթի օրը Լոնդոնում կայացել է «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի եվրոպական պրեմիերան, իսկ դրանից առաջ կարմիր գորգերը փռվել էին Թբիլիսիում «Ռուսթավելի» կինոթատրոնի առջեւ, ուր հոլիվուդյան հայտնի աստղերի` Էնդի Գարսիայի, Շերոն Սթոունի, Ջոնաթան Շեկի եւ այլոց մասնակցությամբ կայացել էր ֆիլմի առաջին ցուցադրությունը:

«Օգոստոսի 5 օրերը» ֆիլմը հայացք է 2008 թվականի ռուս - վրացական պատերազմին ամերիկացի լրագրողի աչքերով, ով այդ օրերին հայտնվում է իրադարձությունների կենտրոնում: Այն, սակայն, արտացոլում է պատերազմի վերաբերյալ վրացական տեսակետը` որ պատերազմը հրահրվել է հարավօսական զինված խմբավորումների կողմից, վրացական իշխանությունները ստիպված են եղել պատասխանել վրացական գյուղերի ռմբահարումներին, իսկ Ռուսաստանը օգտվել է առիթից, միջամտել եւ գրավել Վրաստանի տարածքի 20 տոկոսը:

Ֆինն ռեժիսոր Ռենի Հարլինը, ով Հոլիվուդում հայտնի է մարտաֆիլմերով եւ սարսափ ֆիլմերով, նկարահանումները սկսել էր երկու տարի առաջ: Գլխավոր դերերում են հայտնի դերասաններ Ռուփերթ Ֆրենդը, Բել Քիլմերը, իսկ Էնդի Գարսիան մարմնավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:

Վրացական իշխանությունները ռեժիսորին տրամադրել են անհրաժեշտ ռազմական տեխնիկան` տանկեր, ուղղաթիռներ, ֆիլմի մի քանի դրվագների համար նույնիսկ Վրաստանի նախագահը Էնդի Գարսիային է զիջել իր նախագահական կաբինետը` Հավլաբարի նստավայրում, ուր նկարահանվել է օգոստոսի 7-ին տեղի ունեցած որոշիչ ժողովի տեսարանը:

Ժամանելով Վրաստան` ֆիլմի պրեմիերային, դերասան Էնդիի Գարսիան օդանավից իջնելուց հետո համբուրել է անձրեւից թաց ասֆալտն ու ասել, որ Վրաստանը իր երկրորդ հայրենիքն է համարում:

Ավելի ուշ` ասուլիսի ժամանակ Գարսիան ասել է. - «Ինձ համար շատ զգացմունքային օր է, քանի որ երկու տարի առաջ ես եկա եւ վստահ չէի, թե ինչ պատմություն եմ պատմելու, սակայն ես հանդիպեցի լրագրողներին, պատերազմի փախստականներին, քաղաքական գործիչներին, շարքային մարդկանց, եւ ես պարզապես ուզում էի իմանալ` ինչ է տեղի ունեցել իրականում»:

Շերոն Սթոունը չի նկարահանվել ֆիլմում, սակայն առաջին ցուցադրությանը հրավիրվել է: Ֆիլմի ցուցադրությունն իր ներկայությամբ պատվելուց բացի` նա վարել է նաեւ պրեմիերային հաջորդած բարեգործական ճաշկերույթը, որից ստացված հասույթը` շուրջ մեկ միլիոն դոլար, ուղղվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից տուժածների օգնության ֆոնդին: Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները` տեղի գործարարներից Կոբա Նակոբիան շուրջ 12 հազար դոլար է վճարել, որպեսզի նստի հոլիվուդյան աստղի կողքին:

Ֆիլմի պրեմիերան, սակայն, առանց սկանդալների չի անցել: Մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ակցիա էին կազմակերպել ֆիլմի դեմ` «Ասենք «ո'չ» էժանագին քարոզչությանը» պաստառներով եւ հակակառավարական կոչերով, սակայն ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան, որի մասնակիցների մի մասը ձերբակալվել են խուլիգանության եւ իրավապահներին չենթարկվելու համար:

Մասնավորապես, ձերբակալվածների թվում էին ընդդիմության առաջնորդներից մեկի` Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլիի կինն ու դուստրը, որոնք դատարանը տուգանել է 400 լարիով (մոտ 240 դոլար):

Բացի այդ, ձերբակալվել է Պահպանողական կուսակցության ղեկավար Լաշա Չխարտիշվիլին. դատարանը որոշել է 10 օրով կալանավորել ընդդիմադիր գործչին` խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու համար:

Տուգանվել է նաեւ ինքը Իրակլի Բատիաշվիլին` արդեն դատարանում իր պահվածքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG