Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - « Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրության եւ նույնիսկ պատվիրակություն է ձեւավորում եւ իշխանությանն առաջարկում է համանման պատվիրակություն կազմել եւ նստել բանակցության: Պետք է ասել, որ Կոնգրեսը հերթական անգամ մեկ քայլ առաջ անցավ իշխանությունից, քանի որ այդպիսի առաջարկ, թերեւս, պետք է աներ իշխանությունը` համաներման ակտից հետո: Սակայն իշխանությունը կարծես թե դեռ գտնվում է որոշակիորեն տղայական ընկալումների ազդեցության տակ եւ նրա համար ընդդիմությանը ձեռք մեկնելը ինքնասիրության կամ այսպես ասած` թասիբի հարց է. իշխանության թասիբը բավականացնում է ընդամենն ընդդիմության մեկնած ձեռքը բռնելուն: Սակայն, տվյալ պարագայում, եթե փորձենք խորությամբ նայել իրավիճակին, կարեւորն իհարկե իշխանության առաջինը կամ երկրորդը լինելը չէ, այլ լինել ընդհանրապես: Այսինքն` կարեւոր է, որ իշխանությունը այս անգամ էլ ադեկվատ գտնվի եւ ընդունի Կոնգրեսի քաղաքական առաջարկը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն ամփոփում է. - «Պայքարի այս փուլին նայենք «շախմատային խաղի» տեսանկյունից: Կոնգրեսն ակնհայտորեն դիրքային բացահայտ առավելություն ստացավ, եւ ահա թե ինչու: Հետագա իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով. կամ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, եւ դա մոտեցնում է իշխանափոխությունը, կամ բանակցությունները ձախողվում են, եւ այդ դեպքում Կոնգրեսի ցանկացած հաջորդ հանրահավաք նախորդից ավելի հզոր է լինում, որովհետեւ խոսքն արդեն գնում է «վճռական քայլերի» մասին (իսկ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում վճռականորեն տրամադրված քաղաքացիների պակաս չկա): Պարզ ասած` շախմատային տախտակի վրա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած զարգացում ամրապնդելու է Կոնգրեսի դիրքերը»:

«Երկիր» օրաթերթի անդրադարձից մի հատված. - «Միտինգը սկսվելուն պես հրապարակ մուտք գործած Տեր-Պետրոսյանը չէր կարող չնկատել ՀԱԿ-ի համակիրների ակնհայտորեն նվազած շարքերը, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս նախօրոք գրված ելույթում արտահայտած իր մտքերը նրա համար ավելի էական ու կարեւոր էին, քան իրականությունը: Իսկ ցանկալին միշտ էլ հնարավոր է որպես իրականություն ներկայացնել: Դե իսկ բոլոր վերլուծությունները ոչ թե իրականության, այլ ցանկալի երեւակայության վրա կառուցելը տեխնիկայի հարց է: Իսկ այդ «շնորհքը» Տեր-Պետրոսյանն ունի»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Նեոբոլշեւիկների ճարտասանությունը վերջին օրերին գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Ելույթները Հրազդանում ու երեկվա միտինգում վկայում են, որ հարբելով «հաղթանակներից», սրանք անցնում են անթաքույց շանտաժի լեզվին՝ կա՛մ արտահերթ ընտրություններ, կա՛մ մենք սկսում ենք «գունավոր հեղափոխությունը»»։

«Հրապարակ»-ը գնում է ավելի ընդգրկում ընդհանրացման. - «Ցուցարարը հոգու խորքում անշուշտ գիտի, որ ոչ մի երաշխիք չկա, թե հեղափոխության ճանապարհով իշխանության եկածներն ավելի լավը կլինեն եւ էականորեն կտարբերվեն այսօրվա դեմքերից: Բայց նա ուզում է պատժել սրանց՝ իր ձայնը գողանալու, իր կամքը հաշվի չառնելու, իր անձը նսեմացնելու, իրեն վատ ու նվաստացուցիչ կյանքի դատապարտելու համար: Պատժել, վռնդել ու բավարարված տուն գնալ: Ո՞վ կարող է մեղադրել խռովարարին ու հեղափոխականին: Նա միշտ արդար է ու իրավացի: Եվ եթե անգամ նրա խռովությունից օգտվելու են անարժանները, այս խռովությունը միանգամայն արդարացված է ու օրինական: Նրանք, ովքեր ժողովրդի կամքին դեմ են գնում, պետք է պատժվեն այդ նույն ժողովրդի կամ Աստծո կողմից, որ գրեթե նույնն է: Իսկ ինչպե՞ս անել, որ իշխանությունը ժողովրդի դեմ չգնա, նրա կամքը կատարի ու ենթարկվի նրա հավաքական ուժին: Մի եղանակ կա՝ օրինական ճանապարհով ընտրվելը»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Սպառողական գները կրկին աճում են, թեեւ ավելի դանդաղ: Նախորդ ամսվա գնանկմանը փոխարինելու է գալիս գնաճը: Մասնավորապես՝ գնաճը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), 2011թ. մայիսին ապրիլի համեմատ կազմել է 0,04%: 2010թ. մայիսի համեմատ այս տարվա նույն ամսին սպառողական գներն աճել են 9%-ով, իսկ 2010թ. հունվար-մարտի համեմատ 2011թ. նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 10,2%։ Ընդ որում՝ դրսեւորվում է անցած ամսվա նույն միտումը՝ աճում են ոչ պարենային ապրանքների գները, որը կրկին բացատրվում է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 5,2% եւ 4,2% գնաճով»։
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG