Մատչելիության հղումներ

Բիոնսեի վերջին տեսահոլովակը քննարկվում է վրացական բլոգոսֆերայում


Վրացական բլոգոսֆերան այս օրերին ակտիվորեն քննարկում է հանրահայտ երգչուհի Բիոնսեի վերջին տեսահոլովակը, որ YouTube-ում է հայտնվել մայիսի 18-ից, կոչվում է Run the World (Girls):

Տեսահոլովակի նկատմամբ այսքան մեծ ուշադրության պատճառը ո'չ երգչուհու նկատելիորեն փոխված ոճն է, ո'չ հայտնի մոդելավորողների զգեստների առատությունը տեսահոլովակում, ո'չ էլ պարային ակրոբատիկ հնարքները: Պատճառը տեսահոլովակի 1 րոպե 55-րդ վայրկյանում երեւացող ճանապարհային ծռմռված ցուցանակն է, որի վրա պարզ երեւում են «Թբիլիսի», «Գորի» եւ «Ցխինվալի» գրառումները` անգլերենով եւ վրացերենով, իսկ ցուցանակի վրայի սլաքները ցույց են տալիս դեպի այդ բնակավայրեր տանող ուղղությունները:

2008 թվականին վրաց - ռուսական հակամարտության ընթացքում Ցխինվալին ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմն էր, Գորիում ռուսական զորքերն էին տեղակայվել:

Տեսահոլովակում Բիոնսեն ցուցանակի ֆոնին շղթայակապ պահում է երկու բորենիների:

Ցուցանակը անապատային տարածքում է տեղադրված, դրա ֆոնին բնակավայր է երեւում, սակայն հստակ դժվար է որոշել, թե ինչ բնակավայր է: The Young Georgians բլոգում քննարկման մասնակիցները եզրակացնում են, որ, այնուամենայնիվ, նկարահանումների վայրը Վրաստանը չէ:

Պատահակա՞ն է արդյոք, որ տեսահոլովակում օգտագործված է հատկապես դեպի Թբիլիսի, Գորի եւ Ցխինվալի ուղղությունները ցույց տվող ցուցանակը` այս առնչությամբ տարբեր կարծիքներ են հնչում:

Ոմանք եզրակացնում են, որ տեսահոլովակի ռեժիսորին պարզապես դուր են եկել էկզոտիկ վրացական տառերն ու ծռմռված ցուցանակը, որը սազում է աղետի գոտի հիշեցնող տարածքին:

Սակայն կան այլ վերլուծություններ եւս, որ ենթադրում են, թե Թբիլիսին մատնանշող ցուցանակը բնավ պատահական չէ: Հոդվածի հեղինակը` ամերիկացի Նաիլա Հարիսը` գրող, լուսանկարիչ, ով ճամփորդել է Աֆրիկայում եւ Եվրասիայում, կարծիք է հայտնում, որ Բիոնսեի վերջին տեսահոլովակը ակնհայտորեն ոգեշնչված է արաբական հեղափոխություններից: Տեսահոլովակը աֆրիկյան բնապատկերի ֆոնին է նկարահանված, եւ չնայած Բիոնսեն երգում է կին - տղամարդ հակամարտության մասին, տեսահոլովակում երեւում են ե'ւ ջրցան մեքենաներ, ե'ւ ցուցարներին ցրող ոստիկաններ ու այրվող մեքենաներ:

Մեքենաներից մեկի վրա կարմիր տառերով գրված է revolution` հեղափոխություն, տեսահոլովակում պատկերված «բախումները» տեղի են ունենում կամրջի տակ: Կամուրջը որպես Բիոնսեի տեսահոլովակի վայր ընտրելը եւս հոդվածագիրը պատահական չի համարում` Կահիրեում ցույցերի ու բախումների թատերաբեմը Թահրիր հրապարակի մոտ գտնվող կամրջի մերձակայքն է եղել:

Հոլովակում երեւացող դրոշներում, Բիոնսեի հագուստի մեջ գերակայում են սեւը, կարմիրն ու ոսկեգույնը` Եգիպտոսի դրոշի գույները:

Իսկ ի՞նչ կապ ունի արաբական հեղափոխություններին հղում անող տեսահոլովակի հետ Թբիլիսիի ցուցանակը. հոդվածագիրը եզրակացնում է, որ այստեղ ակնհայտ են զուգահեռները այժմյան եգիպտական դեպքերի եւ 2003 թվականի «վարդերի հեղափոխության» միջեւ` այն առումով, որ երկուսն էլ խաղաղ հեղափոխություններ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG