Մատչելիության հղումներ

Բորդյուժա. «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
Երեւանում հինգշաբթի օրը մեկնարկել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) ու Հարավային Կովկասը. Տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ վարքագիծ կդրսեւորի ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ասաց. - «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի մասակիցն ու անդամը` դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Բորդյուժան ասել է, թե, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը կազմակերպության անդամ երկրների հանդեպ ստանձնել է որոշակի պարտավորություններ, եւ այդ երկրները նույնպիսի պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ: Նա նաեւ նշել է, թե ավելին ասել չի կարող:

«Շատ զգայուն հարց է, ես գիտեմ, որ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից մեծ ջանքեր են գործադրվում այդ շատ բարդ հարցը հակամարտության մեջ ներքաշված բոլոր երկրների համաձայնությամբ եւ խաղաղ ճանապարհով լուծելու համար», - ասաց Բորդյուժան` հավելելով, թե կխուսափեր լրացուցիչ մեկնաբանություններից, քանի որ հապճեպ արտահայտությունները կարող են միայն վնասել կարգավորման գործընթացը:

Ամփոփելով թեման` ՀԱՊԿ-ի քարտուղարը հայտարարեց. - «Մենք համարում ենք, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»:

Այսօր խորհրդաժողովին ելույթով հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը ագրեսորին կստիպի հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է», - հայտարարել է Պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG