Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը»


Հայաստանը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն եւ երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին:

Նախագահի մամլո գրասենյակը փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ անձամբ գերագույն հանձնակատարի դերը Հայաստանում փախստականների խնդիրների կարգավորման գործում: Նա շնորհակալություն է հայտնել մինչ այժմ երկրում իրականացված ծրագրերին օժանդակության համար:

Սերժ Սարգսյանի խոսքերով` 2011 թվականի դեկտեմբերին Ժնեւում կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանը կրկին կբարձրաձայնի իր հանձնառությունները` ուղղված փախստականների առավել խոցելի խմբերի կարիքներին ու այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Նախագահը ժնեւյան հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը կարեւորել է նաեւ հանդիպման շրջանակներում Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացմամբ:

Անտոնիո Գուտերեշը գոհունակությամբ է խոսել Հայաստանում փախստականներին քաղաքացիության շնորհման, հասարակության մեջ ինտեգրման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG