Մատչելիության հղումներ

Մայիսի 17-ի մամուլ


Մուամար Քադաֆիի անձի շուրջ զարգացող վերջին իրադարձությունների համատեքստում «Ժամանակ»-ի խմբագրականը փորձում է զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ Լիբիայի միջեւ. - «Իշխանության հակադարձումները, թե ընդդիմության ջանքերն իզուր են, որովհետեւ Հայաստանը միացած չէ Հռոմի ստատուտին, Քադաֆիի պարագայով ուղղակիորեն հերքվում են: Հաագայի միջազգային քրեական դատարանը սանկցիա է տվել Մուամմար Քադաֆիին ձերբակալելու համար, նրա մերձավոր երկու զինակիցների հետ միասին: Թե ինչով կավարտվի Քադաֆիի ճակատագիրը, կձերբակալե՞ն արդյոք նրան, թե՞ նա իր մահկանացուն կկնքի ՆԱՏՕ-ի զինուժի ռմբակոծություններից որեւէ մեկի ընթացքում, դժվար է ասել: Սակայն տվյալ պարագայում խնդիրը ունի նաեւ այլ ենթատեքստ, որն ուղղակիորեն վերաբերում է հայաստանյան իրավիճակին: Խոսքը մասնավորապես այն նախաձեռնության մասին է, որով ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում Մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա կրակելու համար Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած գործչի»:

«168 ժամ» թերթի մեկնաբանը գրում է. - «Զարմանալի չէր, որ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաեւ տնտեսական իրավիճակի մասին»: «Իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը: Թերթը բխեցնում է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ դիմակայությունն օրերից մի օր տեղափոխվի ֆորմալ դաշտ` ընտրություններ, ապա նախկին նախագահը «լավ ու վատ ապրելու» այս համեմատականը անկասկած փորձելու է ակտիվորեն օգտագործել` հիշեցնելով երկնիշ աճի, ցածր գնաճի եւ այլ ցուցանիշների մասին: Իսկ գործող իշխանությունը նման մեղադրանքներին (որոնք այսօր ոչ այնքան բացահայտ, բայց հնչում են) պատասխանում է մի կողմից` իր ոչ պաշտոնական խոսնակների միջոցով` կրկին մեղադրելով նախկին իշխանությանը, մյուս կողմից` ապացուցելով, որ այսօր կյանքը բարելավվում է, բիզնես միջավայրն էլ` լավանում (այդ բանն ապացուցելու գործառույթն իր վրա է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը): Մնում է, որ յուրաքանչյուր կողմն իր ճշմարտացիությունը կարողանա ապացուցել ընտրողներին: Իսկ դա հեշտ չի լինելու»:

«Երկիր»-ը գրում է. - «Կառավարությունը վերջերս «բացառիկ» որոշում ընդունեց. Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 141-ն է: Այդ մարդկանց 25 հազարական դրամի հատկացումը պետբյուջեն ծանրացնելու էր ամսական ընդամենը 3 միլիոն 525 հազար դրամով: Որոշումն ավելի անհեթեթ է թվում մի քանի ամիս առաջ վարչապետի համար ձեռք բերված նոր ծառայողական BMW-ի ֆոնին, որի արժեքը մոտ 100 հազար դոլար է: Ակամայից հիշում ես լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի արտահայտած այն միտքը, որ ճգնաժամի շրջանում, եթե որևէ մեկը ձեռք է բերել թանկարժեք ավտոմեքենա, ուրեմն նրա ֆինանսական հնարավորությունը բավարար է այն մաքսազերծելու համար: Դրանով նա հիմնավորում էր ավտոմեքենաների մաքսազերծման գումարը չնվազեցնելու իր որոշումը»: Նույն տրամաբանությամբ, եթե այս շրջանում կառավարության ղեկավարը կարողանում է ձեռք բերել նման շքեղ մեքենա, ուրեմն բյուջեի միջոցները պետք է բավարարեին նաեւ նվազագույն աշխատավարձն ու թոշակները բարձրացնելու եւ կենսապահովման նվազագույնին հասցնելու համար: Իսկ ավտոմեքենայի արժեքը բավարար կլիներ առնվազն Ցեղասպանությունը վերապրածների փոխհատուցումը կրկնակի սահմանելու համար»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մի քանի օր առաջ Հայաստանում իսկապես արտառող դեպք է տեղի ունեցել: Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակչության եւ «Արզնի» ընկերության սեփականատեր Ջանվելյանների ընտանիքի միջեւ ծեծկռտուք է եղել, ինչի արդյունքում Ջանվելյաններն ավտոմատներով մի քանի անգամ կրակել են ու փախել: Մանրամասները տվյալ դեպքում էական չեն: Մեզ ավելի շատ բուն փաստն է հետաքրքրում: Իսկ փաստն այն է, որ «գյուղատնտեսական ոլորտի օլիգարխը» սարերում ավտոմատավորներ ունի, որոնք, հասկանալի է, ոչ թե գայլերից պաշտպանվելու համար են, այլ ընկերության ունեցվածքը պահպանելու»: «Պրոբլեմը շատ պարզ է», - շարունակում է թերթը: - «Տարիներ առաջ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները չնչին կոպեկներով գնել են սարերը` երեւի մտածելով, որ մի օր պետք է կգա, ու փաստորեն չեն սխալվել: Ու հիմա, երբ բանկերն իբր «արտոնյալ» գյուղատնտեսական վարկեր են տալիս, դրանից ոչինչ չի փոխվում, որովհետեւ լավագույն վարելահողերն ու արոտավայրերը վաղուց սեփականաշնորհված են, ու ոչ մի «շարքային գյուղացի» չի կարող անասնապահությամբ զբաղվել»: «Գյուղացիներն էլ կամաց-կամաց կամ թողնում-հեռանում են, կամ հայտնվում ճորտի կարգավիճակում», - եզրակացնում է թերթը:
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG