Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում «չչարաշահել իր ժամանակը»


Ադրբեջանական կողմը իրական արդյունքներ է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից եւ հայկական կողմին կոչ է անում «չչարաշահել իր ժամանակը»: Այդ մասին, ինչպես հաղորդել է ANS TV-ն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Եթե միջնորդները կազմակերպում են հանդիպումներ, նշանակում է` գործընթացը շարունակվում է: Նրանք դա հատուկ ընդգծում են եւ ներկայացնում որպես լավ ցուցանիշ», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Ազիմովը եւ հավելել. - «Գործընթացի եւ քննարկումների շարունակումը, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Բայց մենք մտադիր չենք դրանով ժամանակ սպանել: Քննարկումները պետք է հիմնավոր լինեն եւ արդյունավետ»:

«Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ անցկացված հանդիպումների մոտիվացիան նույնպես ավելի բարձր կլինի: Ուզում ենք հավատալ, որ Հայաստանի նախագահը կգնահատի ինչպես մեր, այնպես էլ իր ժամանակը: Այդ հանդիպումներում անհրաժեշտ է քննարկել եւ լուծել հարցեր», - հայտարարել է Ազիմովը:

Դիվանագետը նշել է պաշտոնական Բաքվի մտահոգությունը այն կապակցությամբ, որ «ժամանակը գնում է, իսկ արդյունքներ չկան», եւ ասել. - «Մեր նախագահը, իհարկե, ի նշան հարգանքի կընդունի Ռուսաստանի հրավերը եւ կմասնակցի հանդիպումներին, սակայն մենք չէինք ցանկանա, որպեսզի հակառակ կողմը չարաշահեր մեր բարյացկամությունը եւ մեր ժամանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG