Մատչելիության հղումներ

Մայիսի 13-ի մամուլ


Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցի հետեւանքով հերթական մարդու` այս անգամ քաղաքացիական անձի զոհվելու կապակցությամբ «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի իշխանությունը կա'մ պետք է արմատապես վերանայի իր քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կա'մ պետք է խոստովանի իր անկենսունակությունն ու հրաժարական տա, քանի որ չի կարողանում լիարժեք ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Ադրբեջանի սանձարձակ պահվածքը Հայաստանի իշխանության համար պետք է որ բավարար պատեհ հիմք լինի բանակցային մարտավարությունում շրջադարձային փոփոխություններ կատարելու եւ միջազգային հանրության առաջ դրանք փաստարկելու համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի սանձարձակությունը կարծես թե փաստարկ է դարձնում սեփական հասարակության դեմ` արդարացնելով Ղարաբաղի հակամարտության գործընթացում հայկական կողմի ճահճացած պահվածքը»:

«Երբ 88-89 թվականներին կոմունիստները փակել էին Ազատության հրապարակը, տարբեր մարդիկ (նաեւ հայեր) «Վրեմյա»-ով այսպես էին արդարացնում այդ քայլը` «Ժողովրդավարությունը նախեւառաջ նշանակում է կարգուկանոն». - այս արձանագրմամբ հեռավոր 80-ականներն է հիշեցնում «Առավոտ»-ի խմբագիրը եւ շարունակում. - «Ասել, որ այդ նախադասությունը լրիվ իմաստազուրկ է, իհարկե, չի կարելի. համոզմունքների արտահայտման ազատությունը, ժողովրդի կամքով իշխանության ձեւավորումը հնարավոր են միայն այն դեպքում, երբ օրինականության նորմերը խստորեն պահպանվում են: Բայց սովորաբար բռնապետական հակումներ ունեցող մարդիկ «կարգուկանոնը» հասկանում են յուրովի` որպես ցանկացած այլախոհության ճնշում»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` երեկ հնչեցրած մտահոգություններին` կապված չարդարացված թանկ գներով պետական գնումներ կատարելու անթույլատրելիության հետ: Թերթը գրում է. - «Վարչապետը պարզել է, որ վարկային միջոցներից մրցույթներով ձեռք բերվող ապրանքների գները Հայաստանում երկու անգամ ավելի թանկ են, քան նշված է ինտերնետում: Սա բացարձակ ճշմարտություն է, եւ դա Հայաստանում գիտեն նույնիսկ դպրոցականները: Դպրոցականները գիտեն նաեւ, որ վարկային միջոցներով թանկ ապրանքները գնելով` մեր պաշտոնյաները խոշոր, շատ խոշոր գումարներ են յուրացնում, եւ դա արդեն հստակեցված մեխանիզմ է: Վարչապետը, սակայն, ի տարբերություն դպրոցականների, կարծում է, որ վարկային միջոցներից թանկ գնելով ապրանքներ գնելը ոչ թե յուրացման նպատակ է հետապնդում, այլ ընդամենը որոշ պաշտոնատար անձանց ոչ պրոֆեսիոնալ, ոչ սրտացավ մոտեցման հետեւանքն է… Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ գումարների մասին է խոսքը, ընդամենը նկատենք, որ միայն վերջին երեք տարիներին, Հայաստանը շուրջ 1.5 միլիարդ դոլարի վարկ է վերցրել Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ռուսաստանից, Ճապոնիայից եւ այլն: Հիմա հասկացա՞ք, թե քաղաքի «ամենապրեստիժնի» թաղամասերում ամսական 300 կամ 600 հազար դրամ աշխատավարձ ստացող տարբեր պաշտոնյաներին պատկանող ոսկեջրած վիլլաները ինչ գումարներով են կառուցվել եւ կառուցվում: Հիմա հասկացա՞ք, թե ոնց են մեր պաշտոնյաները 10 տարվա ընթացքում 4 միլիարդ դոլար «վաստակում» ու Աֆրիկայում ադամանդի հանքեր գնում: Դա արվում է նաեւ այսպիսի փողերով»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «ԱԺ մեծամասնությունը երեկ նորից տապալեց օրենսդրական այն նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը համապատասխանեցնել կենսապահովման նվազագույն բյուջեի չափին: Ըստ Ազգային վիճծառայության՝ նվազագույն սպառողական զամբյուղն արդեն կազմում է 62.6 հազար դրամ, մինչդեռ նվազագույն աշխատավարձը դեռ 32.5 հազար դրամ է: 2004-ից գործադիրը հրաժարվում է սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքը, իսկ օրենսդրական նախաձեռնությանն էլ ԱԺ մեծամասնության հետ հավանություն չի տալիս ընդամենը այն հիմնավորմամբ, թե բյուջեում այդքան փող չկա: Ստվերային տնտեսությունը օրինական դաշտ բերելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանությունը ջայլամի հայտնի կեցվածքն է ընդունում ու փարիսեցիաբար փորձում արդարացնել հարցը սկզբունքորեն լուծելու իր անկարողությունը: Պետական քաղաքականությունը դեռեւս դուրս չի եկել մարդկանց` պարտքով մի կերպ յոլա գնալ հորդորելու տրամաբանությունից»:
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG